հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է հանենք վախերը մեր մեջից. 5 միլիոնանոց Հայաստան ունենալու հարցը պետք է իրականացնենք. նախագահի թեկնածու

Պետք է հանենք վախերը մեր մեջից. 5 միլիոնանոց Հայաստան ունենալու հարցը պետք է իրականացնենք. նախագահի թեկնածու

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոռուպցիայի նվազեցումը, մրցակցության ավելացումը, բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացումը, ճանապարհների բացումը:

Նա հիշեցրեց՝ երբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, ինքը գնահատական տալուց շեշտել է մի կարևոր հանգամանք՝ միայն այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել:

«Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան, դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը», - Ազգային ժողովում հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է ունենա բարձր տեխնոլոգիական տնտեսություն:

«Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք, մեր նախարարությունը լծված էր այդ գործին. շատ քիչ հաջողություններ կային», - ասաց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, թե այլընտրանքների մասին խոսելով՝ ինքը նկատի ունի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը:

«Սրանք այն այլըտնրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու», - ասաց Խաչատուրյանը:

Նախագահի թեկնածուն ընդգծեց՝ մենք պետք է հանենք մեր վախերը մեր մեջից. սա առաջ գնալու լրջագույն խոչընդոտ է:

«Մենք ամեն առավոտ արթնանում ենք մի վախից, բայց եկել է ժամանակը առաջնորդվել այս սկզբունքով՝ մենք կարող ենք անել ու մենք պետք է անենք: 2050 թվականին շատերի համար ֆանտաստիկ թվացող այն ռազմավարական ծրագիրը, որում դրված է 5 միլիոնանոց Հայաստան ունենալու հարցը, այդ ծրագիրն իրականացնելու տրամաբանությամբ պետք է շարժվենք», - հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածուն:

  • Կիսվել: