ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ

Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ

Այսօր Ազգային ժողովում  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց՝  օրենսդրական այս փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարելավմանը.

«Բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով՝ ամեն 5 տարին մեկ։ Կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին։ Բացի օրենքում փոփոխությունների ընդունումից, նախաձեռնված են լայնածավալ փոփոխություններ նաև լիցենզավորման կարգերում նախատեսված կանոնների և պայմանների մասով, և մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»,– ասաց նա։

Ըստ նրա՝ հարկավոր է մշտապես բարձրացնել ստանդարտների նշաձողը՝ համապատասխանեցնելու և պետական, և մասնավոր սեկտորի բոլոր բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը․  «Մենք պատկերացնում ենք, որ ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պրոցեսը բավական աշխատատար և ժամանակատար է, և որպեսզի ամբողջ գործընթացը սահուն կազմակերպվի, մենք նախատեսել ենք ավելի ռիսկայնություն պարունակող ուղղություների առաջնահերթություն, և դրանցով պայմանավորված՝ սկսելու ենք Երևանից»։

Նախարարի խոսքով՝ այս հարցում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. «Ընդհանրապես, բժշկական կենտրոնների լիցենզավորման ժամկետն այլ երկրներում շատ ավելի կարճ են՝ երեք տարի է: Երեք տարին մեկ անգամ պետք է հավաստեն, որ համապատասխանում են տվյալ պահին գործող պահանջներին։ Սա ուզում եմ ընդգծել, երբ քննարկում ենք ապահովագրական համակարգի ներդրումը, մշտապես խոսվում է մեր համակարգի որակական չափորոշիչների մասին։ Եվ այս բոլոր ինտեգրալ հատվածները, որ փոփոխություն ենք անում, ուղղված են ապահովելու բժշկական օգնության պատշաճ որակ՝ թարմացված սարքավորումներով, պատշաճ ենթակառուցվածքներով ու մասնագետներով»,– նշեց նա։

  • Կիսվել: