չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ

Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականին պետական բյուջեի նախագիծը գնահատում է բավականին հավակնոտ:  Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը:

«Ընդհանուր գնահատմամբ՝ կարելի է ասել, որ 2022 թվականին պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, և կառավարության  միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Երիցյանը:

Նախագծով 2022-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ: ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ 2022-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում  ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ներառված են տնտեսության արտահանելի հատվածների խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը:

«2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե ներքին և թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021-ի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով: Ուստի տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր ենք համարում ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում»,-ասաց Երիցյանը:

Տնտեսության վերականգնման և հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման  արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: «2022-ի պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-նշեց Երիցյանը:

  • Կիսվել: