հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինձ համար հաճելի չէ այս կարգի նախարարի հետ զրույց ունենալ, ո՛չ թիվ, ո՛չ անուն, ոչինչ չե՛ք նշում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին

Ինձ համար հաճելի չէ այս կարգի նախարարի հետ զրույց ունենալ, ո՛չ թիվ, ո՛չ անուն, ոչինչ չե՛ք նշում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին

Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում, այդքան հարց տվեցինք, ես ոչ մի թիվ, ոչ մի կազմակերպություն, ոչ մի ծավալի մասին ոչինչ չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։

Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարը ասաց․«Շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա, այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը  63 տոկոսով աճել է, դրանք թվեր չե՞ն, ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ, կարող եմ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է ստացվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։

«Բոլորս էլ տնտեսության ճյուղերը գիտենք, գիտենք թե երբ է Լարսում խնդիրներ առաջացել, ինչքան մարդ է միլիոններ կորցրել , մենք ամեն ինչից տեղյակ ենք, ես կարծում եմ՝ պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ  մարդիկ այդ գումարները չկորցնեին, մարդիկ իրենց  տները տանում են, վարկ են վերցնում, չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել, հիմա Դուք ինձ ասում եք  տնտեսական աճը 14,1 տոկոս է։ Դա հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք Ձեր վրա։ Դա բիզնեսի արդյունքում է, ինքը տանջվում է, աշխատում, չարչարվում»,- ընդգծեց Սուքիասյանը։

Ի պատասխան Սուքիասյանը նշեց, որ իր հնչեցրած հարցերին նախարարը այլ պատասխաններ է տալիս։

  • Կիսվել: