հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետական հատվածը տնտեսության մեջ պետք է հնարավորինս քիչ ներգրավված լինի. նախարար

Պետական հատվածը տնտեսության մեջ պետք է հնարավորինս քիչ ներգրավված լինի. նախարար

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Միության անդամների անունից շնորհավորելով նախարարին բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և տնտեսական ու ֆինանսական ոլորտներում տարվող քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորության ընձեռնման համար։

Միությունից հայտնում են, որ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսական հատվածի ներկայացուցչական կազմակերպություններից է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ճյուղերը, ուստի էական նշանակություն ունի վարվող քաղաքականության՝ այն անմիջական կրողների ու իրականացնողների հետ տարբեր ձևաչափերով և հարթակներում քննարկումը։ Նախարարը կարևորեց որդեգրվող բարեփոխումների, մշակվող օրենսդրական նախաձեռնությունների նախօրոք, մինչև դրանց վերջնական մշակումը գործարար համայնքի հետ քննարկումների անցկացումը։

Անդրադառնալով տնտեսական և ֆինանսական ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած քայլի, օրենսդրական նախաձեռնության հիմքում հաշվի է առնվում դրանց ազդեցությունը սոցիալական, բնապահպանական, տնտեսական և ֆինանսական բնագավառների վրա։ Նրա խոսքով՝ պետական հատվածը տնտեսության մեջ պետք է հնարավորինս քիչ ներգրավված լինի, եթե որևէ խնդիր հնարավոր է հաղթահարել մասնավորի մասնակցությամբ, ապա պետական տարբեր ռեսուրսների ծախսումն այդտեղ աննպատակահարմար է։

Հանդիմանը ՀԱԳՄ անդամները բարձրացրին բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ տնտեսական զարգացման ռազմավարությանն ու դրանից բխող քայլերին, ներդրումների խրախուսմանը, պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը, բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը, պետություն-գործարարություն համագործակցության մեխանիզմների մշակմանը, բազմաթիվ այլ հիմնախնդիրներին առնչվող։ Ֆինանսների նախարարը հանգամանալի ներկայացրեց հնչեցված հարցերի վերաբերյալ պետության ունեցած մոտեցումները, պատրաստակամություն հայտնեց ներկայացված առաջարկները քննարկել համապատասխան կառույցներում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ամիսը մեկ պարբերականությամբ, ինչպես նաև ստեղծել հարթակ, որտեղ քննարկումներին կներգրավվեն նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

  • Կիսվել: