ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՊԵԿ-ը նախատեսում է փոստային կապի օպերատորներից ստանալ ներմուծվող ապրանքների վերաբերյալ հաշիվ-ապրանքագրերը

ՊԵԿ-ը նախատեսում է փոստային կապի օպերատորներից ստանալ ներմուծվող ապրանքների վերաբերյալ հաշիվ-ապրանքագրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար: 

 ԱԺ-ում համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։

«Ներկայումս փոստային և սուրհանդակային կապի օպերատորները, ինչպես նաև ազգային օպերատորը ունեն էլեկտրոնային համակարգեր, որոնք պարտավոր են ունենալ իրենց հաճախորդներին ծառայություններ մատուցելու համար։ Այս նախագծով նախատեսում ենք, որ այդ համակարգերի ներկայացվող պահանջները կհաստատի կառավարությունը, և տնտեսավարողներն այդ համակարգին ամբողջական հասանելիություն կտան մաքսային մարմիններին, իսկ «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսվում է, որ այդ ամենը չանելը կհանգեցնի լիցենզիայի կասեցման»,- ասաց Սողոմոնյանը։

ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրեց, թե ինչու է տեղեկատվության հավաքագրումն անհրաժեշտ։

«Օրինակ՝ դեպքեր էին լինում, երբ մաքսայինը ներմուծված ապրանքը որոշակի ժամանակով պահում էր պահեստում լրացուցիչ հսկողություն անելու համար։ Այս ամեն ինչը պայմանավորված է նրանով, որ մաքսային մարմնի մոտ առկա չի լինում պատշաճ փաստաթղթային հիմնավորումներ նախօրոք այդ հսկողությունը իրականացնելու համար։ Մասնավորապես, նախատեսում ենք այդ տեղեկատվության հարթակների հիման վրա ստանալ ապրանքների հաշիվ-ապրանքագրերը։ Այսինքն՝ մարդը այդ տեղեկությունը լրացնում է սուրհանդակային կապի օպերատորներից մեկի հարթակում, այդ տեղեկատվությունը ամբողջությամբ գալիս է մաքսային՝ անկախ նրանից ճիշտ է, թե սխալ։ Եթե 1000 եվրոյի արժողությամբ հեռախոս է ձեռք բերել, բայց գրում է 100 եվրո, ապա այդ տեղեկությունն է գալիս մաքսային ծառայություն։ Այսինքն՝ կառույցի համար կարիք է լինում ստանալ հաշիվ-ապրանքագրերը՝ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար։ Սա հնարավորություն է տալու ավելի շատ ապրանքներ բաց թողել և լրացուցիչ տեղեկատվության հիման վրա աշխատացնել մաքսային ռիսկերի համակարգը և մաքսային հսկողության ռեսուսները ուղղել այնտեղ, որտեղ հաճախակի խնդիրներ են առկա»,- եզրափակեց Սողոմոնյանը։

  • Կիսվել: