Իրանի քաղաքացիները Երևանում փորձել են կեղծ դոլարներ փոխանակել
Այսօր՝ հունիսի 8-ին, «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 17:00-ի սահմաններում 3 քաղաքացի մոտեցել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածեն դրամի։
Տեղում «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է բացահայտել, որ դոլարները կեղծ են, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Ռաֆիկ Ասատրյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Պարեկներն ու համայնքային ոստիկանները 3 հոգու կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը՝ տղամարդ, մեկը՝ կին։
Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև կեղծ 400 ԱՄՆ դոլարը։