ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՊԵԿ ղեկավարը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման փորձ չանել

ՊԵԿ ղեկավարը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման փորձ չանել

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման արգելքին:

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Կառավարության որոշմամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից վեց ամիս ժամկետով սահմանափակվել է թուրքական ծագման ապրանքների ներկրումը:  

«Հունիսի 1-ից արդեն բաց է Վրաստանի սահմանը, և որոշակի ժամային հատվածում թույլատրվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը, սակայն այդ սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից հնարավոր ներկրվող, այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:

Ուստի, հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ սահմանով ՀՀ այդպիսի ապրանքների ներմուծման փորձ չանել, քանի որ ապրանքների ներկրումը կարգելվի»,- հավելեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ ինչպես է սահմանին կատարվելու, օրինակ՝ ճամպրուկների ստուգումը, ՊԵԿ նախագահը նշեց՝ մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և այդ կանոններին համապատասխան՝ ստուգումը կիրականացվի: 

«Մեր քաղաքացիները, վստահ եմ՝ շատ լավ տիրապետում են իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: