ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատրաստվել է զեկույց՝ «Ղարաբաղի ճգնաժամից հետո ՀՀ-ի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները» թեմայով

Պատրաստվել է զեկույց՝ «Ղարաբաղի ճգնաժամից հետո ՀՀ-ի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները» թեմայով

Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնը պատրաստել է զեկույց՝ ՛՛Ղարաբաղի ճգնաժամից հետո Հայաստանի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները՛՛ թեմայով:

Ինչպես նշված է զեկույցում՝ չնայած Հայաստանի տնտեսությունը փոքր է, սակայն չպետք է անտեսել դրա հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկարամյա կայուն և առանց լարվածության քաղաքական հարաբերությունները:

ՀՀ-ի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար, ըստ Զեկույցի, լավ հնարավորություն են Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը:

Զեկույցի հեղինակները հայ-իրանական առևտրային և տնտեսական կարողությունների օգտագործման համար առաջարկում են նվազագույնը 20-ամյա համագործակցության հուշագիր ստորագրել, որը Հայաստանում թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հիմքեր կստեղծի:

Նշվում է նաև, որ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման՝ Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումների համատեքստում հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու առևտրաշրջանառության աճը Անկարային և Բաքվին ուղերձ կլինի այն մասին, որ Իրանի համար կարևոր է հայ-իրանական սահմանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման գործում իրենց ներդրումը կարող են ունենալ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը, առևտրի պալատը, ազատ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը, բանկային համակարգի խնդիրների լուծումը և այլն:

Նաև խոսվում է այն մասին, որ առևտուրը միակողմանի չպետք է լինի, և Իրանը ևս պետք է հնարավորություն ստեղծի Հայաստանից որոշ ապրանքներ ներկրելու համար, որպեսզի Հայաստանը ևս օգուտներ ունենա: Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ներկրման ծավալները չեն կարող այնքան մեծ լինել, որ վնաս հասցնեն տեղական արտադրությանը:

  • Կիսվել: