Օգտատիրոջ կողմից հրապարակված տեղեկությունը, թե հիվանդին երեքի փոխարեն մեկ ստենտ է տեղադրվել, չի համապատասխանում իրականությանը․ «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ի պարզաբանումը
«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ն անդրադարձել է «Շող Էր» օգտատիրոջ կողմից հրապարակված տեղեկությանը, մասնավորապես նշելով․
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվում է «Շող Էր» օգտատիրոջ Շող էր մի հրապարակում՝ ըստ որի «ԲԵՍԹ ԼԱՅՖ» Բժշկական կենտրոնում մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ վճարի դիմաց տարեց, ծանր սրտային խնդիրներով հիվանդին երեքի փոխարեն մեկ ստենտ է տեղեդրվել։
Հայտնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչի կապակցությամբ
«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ն տեղեկացնում է հետևյալը.
• Բոլոր բուժառուների հետ կապված տեղեկատվությունը փաստաթղթավորվում և պահպանվում է «ԲԵՍԹ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնում `ի պաշտպանություն բուժառուի և բժշկական անձնակազմի իրավունքների։
• Յուրաքանչյուր բուժառուի բուժման ամբողջ ընթացքը փաստագրվում է բժշկական պատմագրերում և վերբեռնվում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական՝ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում։
Սույն տեղեկացմամբ, հայտնում ենք, որ տվյալ դեպքի բոլոր մանրամասները պահպանվում են վերը նշված կարգով, առկա են էլ. կրիչները, որոնք ցանկացած պահի կարող են տրամադրվել պատկան մարմիններին և այն անձանց, ովքեր իրավունք կունենան ծանոթանալու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը: Նշված փաստական հանգամանքները հաստատում են «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ում հիշատակված անձի նկատմամաբ իրականացված բժշկական օգնությունը և սպասրակումը տվյալ բուժառուին՝ անհրաժեշտ ամբողջ ծավալով իրականացումը:
Ուստի, «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ն հորդորում է հրապարակման հեղինակին, մեկ օր ժամկետում «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ ներկայացնել դիահերձման արդյունքների պատմագիրը և այլ հիմնավորող պաշտոնական փաստաթղթերը:
Սահմանված ժամկետի լրանալուց հետո «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ն իր նախաձեռնությամբ կդիմի ՀՀ դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազություն և համապատասխան դատական ատյաններ՝ զրպարտություն տարածելու, կազմակերպության բարի համբավը վարկաբեկելու և հանրային կարծիքի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով։
«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԿ-ի համար բուժառուի առողջությունն ու անվտանգությունը բացարձակ առաջնահերթություններ են։ Կենտրոնում իրականացվում է բարձր մասնագիտական և բարեխիղճ աշխատանք, իսկ յուրաքանչյուր դեպք փաստագրվում է օրենքով սահմանված կարգով»,- նշված է հայտարարության մեջ։