Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հրավերի, արդի հարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու հնարավորության համար և, անդրադառնալով համալսարանական ուսումնառության ընթացքում անհատի ստացած գիտելիքին, ընդգծել է, որ այն պետք է ծառայի նրա աշխարհայացքի ընդլայնմանը, օգնի կողմնորոշվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ձևավորի վերլուծական կարողություններ և կողմնորոշի որոշումներ կայացնելիս: «Այլ խոսքով՝ Համալսարանից պետության և հասարակության այսօրվա ակնկալիքը կարելի է ձևակերպել որպես անցում՝ հիշողության վրա հիմնված գիտելիքի փոխանցումից դեպի վերլուծական կարողություններ ձևավորող կրթություն»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ շատ է խոսվում վերլուծական կարողություններ ձևավորող կրթության մասին, սակայն քիչ են հանդիպում դրա պրակտիկ, «հողի վրա» կիրառելի մեթոդաբանության վերաբերյալ քննարկումները:
Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերլուծական կարողություններ ձևավորող կրթությունը չի կարող լինել ժամանակավրեպ: «Այն պետք է հենվի անցյալի ճանաչման ու փորձի վերլուծության վրա, սակայն «հողի վրա» ապրելու համար այն պետք է բավականաչափ կենսունակ լինի»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը:
ԵՊՀ շրջանավարտների ֆորումի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: