հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը ՊԵԿ-ին հանձնարարեց խստագույնս պատժել բոլոր նրանց, որոնք ՀԴՄ չեն տրամադրում

Փաշինյանը ՊԵԿ-ին հանձնարարեց խստագույնս պատժել բոլոր նրանց, որոնք ՀԴՄ չեն տրամադրում

Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք նաև լավ լուր ունենք։  Կառավարության այսօրվա նիստի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսքը հարկային եկամուտների մասին է։

«Վստահ ենք, որ 2020 թվականի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով»,- ասաց Փաշինյանը։

Նա հարկային կարգապահության կոչ արեց՝ հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ֆոնին:

«Սոցիալական խնդիրների ու տնտեսական աջակցության մասին է խոսվում։ Այդ խնդիրները լուծելու համար Կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որոնք պետք է ապահովվեն հարկային համակարգի միջոցով։ Շատ են ասում՝ մարդիկ չեն աշխատում, բայց իրենցից հարկ եք ուզում։ Եկամուտների բացայության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ պահանջել հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա հարկային պարտավորություն»,- ասաց Նիկոլ Փաշինանը։

Նա անդրադարձավ ՀԴՄ կտրոններին՝ հայտարարելով, թե ահազանգեր կան, որ կտրոններ չեն տրամադրվում, քանի որ մարդիկ կարծում են՝  այս փուլում դրան ուշադրություն չի դարձվելու: Մինչդեռ, ըստ նրա, հիմա ճգնաժամային իրավիճակ է, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։

«Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները, քանի որ հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում։ Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի և խստագույնս պատժի բոլոր նրանց, որոնք ՀԴՄ չեն տրամադրում, քանի որ որևէ արդարացում չկա, հատկապես, որ այսօր խանութների շրջանառությունն էականորեն աճել է։ Անբարեխիղճ տնտեսավորողներով պետք է լրջորեն զբաղվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, ըստ վարչապետի, չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում նման երևույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ: Նա նշեց նաև, որ եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի և եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հերթին ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեին:

«Հետևաբար, մենք հայտարարել ենք նաև հանրությանը՝ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ  ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը և հետաքննության և օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները՝ նաև զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվեն»,- ասաց նա։

Դավիթ Անանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ուղերձի համար, որովհետև նրա  ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա։

  • Կիսվել: