Փաշինյանը ԵՏՀ 4 տարվա գործունեությունը բնորոշեց որպես հսկայական աշխատանք
«Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Հպարտությամբ կարելի է արձանագրել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով»,-Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրին, ինչպես նաև խոսեց Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելու շուրջ.
«Մեր առջև ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը: Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար: Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց նաև, որ պայմանագրի միջոցով դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ կապված սահմանափակումը կվերանա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրվի Սերբիայի հետ, ինչպես նաև կարևորեց Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը: