չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը»։ Նույն տարում կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել ՇՄՆ անտառային կոմիտեին՝ Երևանում 45 հա տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանքների համար։ 3 տարի անց FIP.am-ը պարզել է, որ Նորքի լանջին որևէ վերականգնման աշխատանք չի կատարվել, որովհետև ոռոգման կաթիլային համակարգի հաշվարկի և նախագծի կազմման աշխատանքները պայմանագրով ստանձնած ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել, և գործը դատարանում է։

2019-ի նոյեմբերին կառավարության նիստին հայտարարվեց՝ Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի։

Կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ Երևանում 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանքների համար։

Ըստ նախնական գնահատման՝ նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ էր մոտ 120 մլն դրամ:

Նույն տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց՝ «սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը»՝ կիսվելով այդ ժամանակ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառմամբ, որն ուրախությամբ արձանագրել էր, որ «Երևանի թոքերի» վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն՝ հավելելով, որ այս որոշումը պետք է դիտարկել որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2020 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս։

Նշենք, որ Նորքում անտառի կարգավիճակ ունի ընդամենը 56 հեկտար տարածք։ Ընդհանուր տարածքի գրեթե կեսը՝ 46․5 հեկտար, 2004-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ընդգրկել է բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ և մաս-մաս օտարել: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ փուլում է ավելի քան 3 տարի առաջ խոստացված՝ անտառից մնացած հատվածի վերականգնման ծրագիրը։ 

3 տարի անց․ ծառերի փոխարեն ակտիվ շինարարություն է

Իրականությունն այն է, որ 3 տարի անց Նորքի լանջին որևէ վերականգնման աշխատանք կատարված չէ, փոխարենը անտառի կարգավիճակից դուրս մնացած տարածքը վերածվել է հսկայական շինհրապարակի։ 

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ նախկին տնօրեն Քրիստինե Վարդանյանը, որը նույն տարածքի բնակիչ է, FIP.am-ի հետ զրույցում նշում է, որ վերջին երկու տարվա մեջ այդտեղ հսկայական շինարարություն է սկսվել, բարձրահարկ շենքեր են կառուցվում և բոլորովին վերջերս էլ նոր կառուցվող շենքերի մասին էր տեղեկացվել։  

Նշենք, որ օրերս Նորք-Մարաշ վարչական շրջանը իրազեկել էր տեղի բնակիչներին, որ Գ. Հովսեփյան 24/17 հասցեում նախատեսվում է թվով չորս բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:

Քրիստինե Վարդանյանը նշում է, որ ոչ միայն տվյալ հատվածում, այլ առհասարակ, ամբողջ լանջին շինարարությունը՝ այն էլ բարձրահարկ, անընդունելի է՝ պայմանավորված լանջի կողմնորոշմամբ։ «Այդ կողմնորոշումը կառուցապատման համար արգելված է, որովհետև իրականում Խորհրդային Միության ժամանակ անտառ էր, որը պետք է սառեցներ քաղաքը, հիմա փոխարենը բետոն է կառուցվում, որը եռացնելու է քաղաքը, սա լուրջ հիգիենիկ խնդիր է իր հետ բերում, որն անդրադառնալու է բնակչության առողջության վրա։ Դա այնպիսի հատված է, որ կեսօրից մինչև երեկո լանջը արև է տեսնում, այսինքն լանջը եռում է, արհեստականորեն այնպես պետք է անենք, որ ոռոգման, խոնավ պահելու, հողը հագեցած ջրով պահելու խնդիր լինի։ Պետք է, ըստ իս, պետությունն այդ հողերը ճանաչեր գերակա շահ և այդ հարցերը լուծեր, որովհետև դա քաղաքին հսկայական վնաս է պատճառում»,- ասում է Վարդանյանը։

Նախարարությունը պարզաբանում է, թե ինչու ոռոգման համակարգն այդպես էլ չի ներդրվել

Շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան Fip.am-ի հարցման, նշում է՝ ոռոգման կաթիլային համակարգի հաշվարկի և նախագծի կազմման աշխատանքները չեն արվել, քանի որ պայմանագրով ստանձնած ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել, և գործը դատարանում է։ 

Ըստ նախարարության՝ ՇՄՆ անտառային կոմիտեի և «Ինշուրանս Սերվիս» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքվել է պետական գնման պայմանագիր, համաձայն որի՝ «Ինշուրանս Սերվիս» ՍՊԸ- ն ստանձնել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների կատարման պարտավորություն, այն է՝ Երևանի անտառպետության 45 հա տարածքում ոռոգման կաթիլային համակարգի հաշվարկի և նախագծի կազմում։

Պայմանագրային պարտավորությունը «Ինշուրանս Սերվիս» ՍՊԸ-ի կողմից սահմանված ժամկետում և պայմաններով չի կատարվել։ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Նախարարությունից նաև տեղեկացրեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն ընդդեմ «Ինշուրանս Սերվիս» ՍՊ ընկերության՝ պայմանագրով նախատեսված տուժանքի գումարը բռնագանձելու, պայմանագրային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և գտնվում է դատաքննության փուլում։

Երևանում անտառային հողերի ընդհանուր մակերեսը 403 հա է, որից 75.6 հա-ն է  անտառածածկ 

ՇՄՆ անտառային կոմիտեն, ի պատասխան FIP.am-ի հարցման, տեղեկացնում է, որ 

2022 թ.-ին մշակվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի,  անտառակառավարման պլանը, որի մեջ ներառվում են նաև Երևանի անտառային հողերը։ Համաձայն այդ պլանի՝ Երևանի անտառպետությունն իր մեջ ներառում է Նորք Մարաշ համայնքի վարչական տարածքի, Դալմայի այգիների և Գաջի գործարանի հարակից տարածքների անտառային հողերն ընդհանուր 403 հա մակերեսով, որից 75.6 հեկտարն անտառածածկ է։

Նշվում է, որ Նորքի անտառային հողերում 2004 թ․-ին Երևան քաղաքի հեռուստաաշտարակի հարակից 56,7 հեկտար ոչ անտառածածկ մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ցանկապատվել է, և նույն թվականի գարնանն ու աշնանը 44.0 հա մակերեսի վրա իրականացվել է անտառմշակույթների հիմնում։ Տարածքի մյուս հատվածները քարքարոտ են, որով պայմանավորված ենթակա չեն անտառապատման։

Վերոնշյալ տարածքում 2005-2007 թթ․-ին իրականացվել են անտառմշակույթների լրացման աշխատանքներ։ Նշվում է, որ շինարարական բնույթի աշխատանքներ չեն կատարվել։

Ինչ վերաբերում է Անտառային կոմիտեի և «Ինշուրանս Սերվիս» ՍՊԸ-ի միջև 2019 թ․-ին կնքված պայմանագրային պարտավորություններին, ապա նշվում է, որ ընկերության կողմից սահմանված ժամկետում և պայմաններով առհասարակ ոչինչ չի կատարվել։ 

Իսկ թե ապագայում ի վերջո անտառվերականգնման որևէ աշխատանք կկատարվի, թե՞ ոչ՝ կոմիտեից նշում են, որ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառակառավարման պլանի համաձայն տվյալ տարածքներում նախատեսվում են իրականացնել անտառվերականգնման միջոցառումներ։ 

«Ներկա պահին «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառակառավարման պլանը գտնվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փուլում, որի դրական եզրակացության հիման վրա, սահմանված կարգով հաստատվելուց հետո, կիրականացվեն կառավարման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումները»,- նշում են կոմիտեից։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 3 տարուց ավելի խոստացված Նորքի անտառն այդպես էլ չի վերականգնվել, թեև ՇՄՆ անտառային կոմիտեից հույս են հայտնում, որ 2022թ․-ին հաստատված պլանով՝ այն դեռ նախատեսվում է վերականգնել։ 

 

  • Կիսվել: