երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պարտքի սպասարկման տոկոսի նվազեցմանը միտված քայլեր է պետք ձեռնարկել. Վահե Հովհաննիսյան

Պարտքի սպասարկման տոկոսի նվազեցմանը միտված քայլեր է պետք ձեռնարկել. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում նախորդ տարվա արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն անհանգստացնում է պարտքի սպասարկման տոկոսը, որի նվազեցմանը միտված ակտիվ քայլեր է պետք ձեռնարկել: Հունիսի 16-ի ասուլիսում անդրադառնալով պետական պարտքի կառավարելիության աստիճանի և դրա հետ կապված ռիսկերի մասին հարցին՝ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Եթե նայենք ընդհանուր ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ պարտքի հետ կապված որևէ լուրջ խնդիր չունենք, որովհետև 2024 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Եթե 2023 թվականի արդյունքներով այն 48.4 տոկոս էր, ապա 2024-ին ունենք 48 տոկոս: Մեզ անհանգստացնում է պարտքի մակարդակը մեր ծախսերում՝ պարտքի սպասարկման տոկոսը, որը իմ կարծիքով, իհարկե, այդքան բարձր չէ միջազգային ուղենիշների համեմատ, բայց պետք է լուրջ ուշադրություն դարձնենք և ակտիվ միջոցներ ձեռնարկենք պարտքի սպասարկման ծախսի նվազեցման ուղղությամբ: 2024 թվականին այն կազմում էր 10.6 տոկոս, որը 2025-26 թվականներին նույնիսկ աճի միտում ունի»,- հայտնեց ֆինանսների նախարարը:

Նա նշեց, որ ներկայում նախարարության հիմնական նպատակն է նաև զսպել պետական պարտքին առնչվող ծախսերի աճը, պարտքի մակարդակը ՀՆԱ-ում պահպանել 50 տոկոսի շրջանակներում և պարտքի սպասարկման ծախսերը պահպանել 11-12 տոկոսի շրջանակում:

«Իհարկե, շատ բան կախված է աշխարհում տոկոսադրույքների փոփոխության և ինֆլյացիայի հետ կապված հարցերից: Շատ մեծ հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա և այն բարձր տոկոսադրույքները, որի պայմաններում ապրում ենք վերջին մի քանի տարիներին, կնվազի: Այդ նվազումը տեսնում ենք: 2024 թվականին արդեն տեսել ենք որոշակի նվազում, բայց դա բավարար չէ: Իհարկե, կենտրոնական բանկն էլ շարունակաբար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն իր դրական ազդեցությունն ունեցել է մեր միջին տոկոսադրույքի վրա: Պարտքի մակարդակը և տոկոսադրույքները պետք է նվազեն»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ տոկոսադրույքների նվազեցմանը միտված քայլերից են նոր ներդրողների ներգրավումը, շուկայի խորացումն ու զարգացումը և այլ միջոցներ, որոնք կապահովեն դիվերսիֆիկացում:

 

  • Կիսվել: