ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր և հատուկ արվում էր նրա համար, որ մերժվի. Միքայել Զոլյան

Պարոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր և հատուկ արվում էր նրա համար, որ մերժվի. Միքայել Զոլյան

«Ես կիսում եմ այն կարծիքը, որ պարոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական էր և հատուկ արվում էր նրա համար, որ մերժվի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին։

«Ես համոզված եմ, որ եթե Դուք գայիք այստեղ և ասեիք, որ ուզում եք թոշակառուներին գումար տալ, պարոն Մարուքյանը բազմաթիվ փաստարկներ կբերեր, թե ինչու դա չի կարելի անել»,- հավելեց Զոլյանը։

Նրա խոսքով, եթե Մարուքյանի առաջարկն իրականացնեն և մի քանի ամիս անց կոլապսի առաջ կանգնեն, ապա Մարուքյանը համոզիչ ձևով կբացատրի, թե ինչով է մեղավոր կառավարությունը։

«Այդուհանդերձ, շատ քաղաքացիների համար, որոնք ֆինանսիստ չեն, պարոն Մարուքյանի առաջարկը կարող է տրամաբանական թվալ։ Ես խնդրում եմ պարզ, ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչու Մարուքյանի առաջարկը  ոչ միան տրամաբանական չէ, այլև վտանգավոր է»,- ասաց Միքայել Զոլյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Ֆինանսների նախարարը նշեց, որ բոլոր նրանք, որոնք համավարակի հետևանքով տուժել են, կառավարության ուշադրության կենտրոնում են:

«Քննարկվում են բոլոր հնարավոր և անհնար առաջարկները՝ ում կողմից, որ նախաձեռնվեն: Կարևորն այն է, որ դա հնարավոր լինի ընդունել, գնահատել և գալ եզրակացության, որ խնդիրն առաջացել է համավարակի պատճառով: Մեր մտադրությունն այն է, որ ոչ մեկ չպետք է դուրս մնա իրականացվող միջոցառումից, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք վերջին մեկ-երկու տարում չեն անսացել մեր բոլոր հորդորներին՝ գրանցվել աշխատելիս, պարտավորությունները պատշաճ կատարել: Բայց ամբողջ խնդիրը նրանց տեղորոշման մեջ է, նրանց ճանաչման՝ որպես տուժածներ: Շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցներն իմանան, որ անուշադրության չի մատնվելու ոչ մեկի խնդիրը»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։

Միքայել Զոլյանն էլ նշեց, որ եթե գնան այն ճանապարհով, որի մասին խոսում է Մարուքյանը, դա կարո՞ղ է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ, նախարարն ասաց, որ այդ դեպքում բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան դրականը, և ոչ միայն տնտեսական, այլ նաև հոգեբանական և բարոյական:

«Դա առանց այդ էլ արդարության ընկալման դեֆիցիտը կխորացնի, որովհետև կստացվի, որ անհասցե և, ըստ էության, դրա կարիքը չունեցող շահառուին օժանդակելու համար պետությունը պետական պարտք է ներգրավում։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ մենք այլընտրանք, քան պարտք ներգրավելը, չունենք։ Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլորի երկրներին։ Ճգնաժամերի ժամանակ դրա ազդեցությունը մեղմելու միակ ճանապարհը պարտքի ներգրավումն է»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

  • Կիսվել: