շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» անունով մի կազմակերպություն ցանկանում է Լոռու մարզում հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ՝ ոսկու հանք բացելու նպատակով։ Մարզի այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքում ընկերությունը ցանկանում է հանք բացել, համայնքապետարանների կայքերից են տեղեկացել այդ մասին։ Այդ գյուղերի բնակիչները, ինչպես նաև բնապահպանները մտահոգություններ ունեն այս անհայտ ծագմամբ ընկերության գործունեության առնչությամբ, գրում է Infocom-ը։

ՀՀ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018-ին, ընկերության հասցեն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է։ ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունը։

«Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Յիրժի Վոյտեխովսկին է (Jiří Vojtěchovský)։

Չեխիայի Հանրապետության առևտրային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ «Mineral Ventures Invest» ընկերությունը ևս հիմնվել է 2018-ին։ Ընկերության գործադիր տնօրեններն են Մարտինա Կորժինկովան (Martina Kořínková) և Դավիդ Մարաշեկը (David Marášek)։ Ընկերության հետ փոխկապակցված անձ է Յիրժի Վոյտեխովսկին («Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն):

Համաձայն Չեխիայի Հանրապետության առևրային ռեգիստրի տվյալների` Յիրժի Վոյտեխովսկին գործունեություն է ծավալել չեխական տարբեր կազմակերպություններում։ Օրինակ, 2017 թվականից նա Չեխ-ղրղզական առևտրի պալատի (Česko-kyrgyzská obchodní komora) նախագահն է։ Չեխ-ղրղզական առևտրի պալատի փոխնախագահը Միխայել Սմելիկն է (Michael Smelík)։ Առևտրի պալատը հիմնվել է 2017-ին։

Միխայել Սմելիկը «Liglass Trading» ընկերության գործադիր տնօրենն է։ Այս չեխական ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։

«Liglass Trading»-ի կայքից տեղեկանում ենք, որ 2013-ից ընկերության թիմին է միացել Յիրժի Վոյտեխովսկին՝ որպես գործընկեր ու Ասիաեվրոպական շուկայի տնօրեն։ Խոսելով Վոյտեխովսկուն ընկերությունում ներգրավելու պատճառների մասին՝ նշվում է, որ նա աշխատել է «ESI Eastern Investment» ընկերությունում, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած է եղել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում (այդ թվում՝ Հայաստանում) ծրագրերի իրականացման վրա։

«Liglass Trading» ընկերության շուրջ Ղրղզստանում աղմուկ էր բարձրացել 2017-ին։ Պատճառն այն էր, որ այս ներդրումային ընկերությունը ցանկանում էր Ղրղզստանում հիդրոէլեկտրակայաններ կառուցել, սակայն այդ գործընթացն ի վերջո ձախողվեց։

Փորձենք կարճ ներկայացնել եղելությունը․ Ղրղզստանի կառավարությանը «Liglass Trading»-ի գործունեության համար երաշխավորել է Չեխիայի նախագահի կանցլեր Վրատիսլավ Մինարժը (Vratislav Minarj)։ Չնայած Ղրզղզստանում մտահոգություններ են հնչել այն առիթով, որ Մինարժը զբաղվել է «Liglass Trading»-ի լոբբինգով, կանցլերը նշել է՝ քանի որ «Liglass Trading»-ը չեխական է, ինքը ստուգել է ընկերության տվյալները Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում, այնուհետև նամակ գրել Ղրղզստանի նախագահին։ Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչն էլ չեխական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել է, որ նախարարությունը «Liglass Trading»-ի համար Միրանժին երաշխավորություն չի ներկայացրել։

«Liglass Trading»-ի գործադիր տնօրեն Միխայել Սմելիկն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն անձամբ չի ճանաչում Վրատիսլավ Մինարժին, և այն, որ Մինարժը երաշխավորել է «Liglass Trading»-ի համար, նշանակություն չունի, ընկերությունը Ղրղզստանում մասնակցել է բաց մրցույթի և հաղթել։ 

«Liglass Trading»-ը պարտավորվել է վճարել Ղրղզստանի կառավարության պարտքը «Русгидро» ընկերությանը: «Русгидро»-ի հետ Ղրղզստանը 2012-ին պայմանագիր է կնքել այդ երկրում հէկեր կառուցելու համար, սակայն հետագայում Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը։ Հէկերի կառուցման համար «Liglass Trading»-ի հետ պայմանագիրը կնքվել է 2017-ին, սակայն «Liglass Trading»-ն այդպես էլ չի կարողացել վճարել ռուսական «Русгидро» ընկերության պարտքը։ Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը «Liglass Trading»-ի հետ, վերջինս էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցրել երկրի կառավարության հասցեին։

Դժվար է այս փոխադարձ մեղադրանքների մեջ հասկանալ, թե ով է եղել մեղավորը, սակայն փաստացի «Liglass Trading»-ին չի հաջողվել Ղրղզստանի կառավարության պարտքը մարել և հէկերի կառուցումն իրականացնել։

Ե՛վ «Liglass Trading»-ի կայքում, և՛ չեխական առևտրային ռեգիստրի կայքում ընկերության գործունեության վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2017-ին։

Հենց նույն Յիրժի Վոյտեխովսկին, որը «Liglass Trading» ընկերությունում և Չեխ-ղրղզական առևտրի պալատում եղել է Միխայել Սմելիկի գործընկերը, ՀՀ Լոռու մարզում հանք բացելու մտադրություն ունեցող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Mineral Ventures Invest»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը մտադիր է Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Ասիայում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, մասնավորապես՝ թանկարժեք և գունավոր մետաղներ փնտրել։

«Mineral Ventures Invest»-ի գործադիր տնօրեններից Դավիդ Մարաշեկը եղել է 2015-ին հիմնադրված «Zlato as» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Zlato as»-ը հիմա համագործակցում է «Mineral Ventures Invest»-ի հետ: «Zlato as»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է ոսկու առևտրով։

Մինչև այս տարվա փետրվարը Յիրժի Վոյտեխովսկին եղել է «Mineral Ventures Invest»-ի կանոնադրական մարմնի անդամ և գործադիր տնօրեն, սակայն փետրվարից նա այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնները։ Այս պահին նա, ինչպես արդեն նշել ենք, «Mineral Ventures Invest»-ի դուստր կազմակերպության՝  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Վոյտեխովսկին նաև շարունակում է զբաղեցնել Չեխ-ղրղզական առևտրի պալատի նախագահի պաշտոնը։

«Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը կշահագործի՞ Լոռում ոսկու հանք, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ։ Համաձայն «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հրապարակած վերջին տեղեկությունների՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի գյուղերում, որոնց տարածքում ընկերությունը մտադիր է հանք շահագործել, բնակիչներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել, և չեն կայացել հանքի շահագործման թեմայով նախատեսված հանրային լսումները։

  • Կիսվել: