կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան

Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան

Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որ իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Իրենք հղում արեցին 2000 թվականի ինչ-որ մի ուսումնասիրության վրա, այն դեպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատվի»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր բերել, թե դա ինչ մեծ օգուտներ է, թե ինչքան է զարգացել տեղական արդյունաբերությունը, թե ինչպես է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների  էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր ավելի էժան են: Դրա հիման վրա հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցություն գնաճի վրա չի ունեցել»:

Խաչատրյանի խոսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ կա ուսումնասիրություն, խոստացել էր դրա հիման վրա քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպվել: Որեւէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրություն, որեւէ հաշվարկ չի ներկայացվել:

Իսկ եթե  ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: