կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էս նախագծով բանակը տանում եք բանվոր գյուղացիականի, ինտելեկտուալների հոսքը նվազեցնում եք. Արթուր Խաչատրյան

Էս նախագծով բանակը տանում եք բանվոր գյուղացիականի, ինտելեկտուալների հոսքը նվազեցնում եք. Արթուր Խաչատրյան

Այս նախագիծը որքանո՞վ է ազդելու բանակի ինտելեկտուալության վրա. այսօրվա բանակը 50 տարի առաջվա բանակը չէ, այսօրվա զենքը,  կապի միջոցները, մնացած ամեն ինչը բարձր  ինտելեկտուալ պատրաստվածություն են ենթադրում, բայց այս նախագծով մենք  տանում ենք բանվորագյուղացիական բանակի: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այն երիտասարդը, ով իր մտավոր կարողություններով  կարող է ավելի շատ փող աշխատել քաղաքացիական կյանքում,  կդնի ու կհաշվարկի՝ «այսքան տամ բանակից ազատվել ու գնամ փող աշխատեմ»։

«Սրանով արդյո՞ք պոտենցիալ  բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը չեք նվազեցնում»,- հարցրեց Ա. Խաչատրյանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին։

Նա հակադարձեց. «Կասեմ՝ ուղիղ հակառակը։ Բարձր ինտելեկտուալ մարդկանց մենք բերում ենք բանակ։ Ընդունենք՝ մարդն ավարտել է աշխարհի լավագույն համալսարանները, 27 տարին լրացած է,  ցանկանում է  գալ, բանակում ծառայել, չունի նման հնարավորություն, քանի որ  ասում ենք՝ քո  27 տարին լրացած է, չես կարող ծառայել։ Այդ մարդն այս օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կունենա ծառայել բանակում և իրենց գիտելիքները ի շահ մեր պետության ծառայեցնել։ Սա նաև կբերի ինտելեկտուալ բանակի ստեղծմանը»։

  • Կիսվել: