ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որ ընկերություններն են ավելացրել հարկերը, որոնք` նվազեցրել. հրապարակվել է խոշոր հարկատուների ցանկը

Որ ընկերություններն են ավելացրել հարկերը, որոնք` նվազեցրել. հրապարակվել է խոշոր հարկատուների ցանկը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում այս տարի որոշակի փոփոխություններ կան: Ցանկը, այնուամենայնիվ, շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հունվար-մարտ ամիսներին վճարել է 17 միլիարդ 773 միլիոն դրամ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընկերությունն այս տարի նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացրել է վճարումների չափը մոտ 3,2 մլրդ դրամով` անցած տարի վճարել էր 13 մլրդ 570 մլն դրամ, գրում է «Ա1+»-ը։

Խոշոր հարկատուների երկրորդ հորիզոնականը նորից զբաղեցնում է Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանտ տոբակո» ընկերությունը 15 մլրդ 323 մլն դրամ հարկով: Այս ընկերությունը նույնպես ավելացրել է իր հարկերը` անցած տարվա առաջին երեք ամիսներին վճարել էր 12 մլրդ 830 մլն դրամ: Եվ տպավորություն է ստեղծվում, որ նոր կորոնավիրուսի համաճարակը, դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունն ու տնտեսության չաշխատելը հարկային մուտքերի վրա չեն ազդել: Հավանաբար իրավիճակը հարկերի մուտքերի վրա լուրջ ազդեցություն չի թողել այն պատճառով, որ տնտեսության չաշխատելու պրոցեսը սկսվել է մարտի վերջից, և գոնե առաջին եռամյակում նվազեցման չհանգեցրեց: Երկրորդ եռամսյակում, կամ թեկուզ միայն ապրիլ ամսվա տվյալներով նվազումն արդեն ակնհայտ կդառնա:

Ինչևէ, այս տարի խոշոր հարկատուների ցանկում իր տեղը նկատելիորեն արդեն զիջել է և վճարած հարկերը նվազեցրել է հանքարդյունաբերական հսկան` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Եթե անցած տարի երրորդ տեղում էր և վճարել էր 6 մլրդ 684 մլն դրամ, ապա այս տարի վճարել է ընդամենը 3 մլրդ 479 մլն դրամ: Իր տեղը զիջել է և վճարած հարկերը կտրուկ նվազեցրել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` եթե անցած տարի 4-րդ տեղում էր և վճարել էր 6 մլրդ 684 մլն դրամ, ապա այս տարի 8-րդ տեղում է և վճարել է ընդամենը  3 մլրդ 383 մլն դրամ: Այս ընկերությունները հավանաբար կտան ինչ-որ բացատրություն, կամ ՊԵԿ-ն ինքը կմեկնաբանի, թե ինչու են վճարումները նվազեցրել:

Խոշոր  հարկատուների ցանկում հաջորդ հետաքրքիր տեղաշարժն այն է, որ 6-րդ հորիզոնականից  3-րդ հորիզոնական է բարձրացել Վարդանյանների ընտանիքին պատկանող մյուս` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը, որը եթե անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էր 3 մլրդ 955 մլն դրամ, ապա այս տարի`5 մլրդ 378 մլն դրամ:

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը, որն իր մեջ ներառում է հիմնականում «Երևան ՍԻԹԻ» սուպերմարկետների ցանցը, ավելացրել է հարկերը` անցած տարվա 1 մլրդ 564 մլն դրամի փոխարեն վճարելով 2 մլրդ 97 մլն դրամ: Նույն գործարարին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը նույնպես ավելացրել է վճարումները` 1 մլրդ 741 մլրդ դրամ անցած տարվա 1մլրդ 316 մլն դրամի փոխարեն:

Նույնը վերաբերում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությանը` 1 մլրդ 504 մլն դրամ անցած տարվա 1 մլրդ 218 միլիոնի փոխարեն: Նշենք, որ սա Երևան-Սևան մայրուղում գտնվող «Փարավոն» ռեստորանային, հյուրանոցային և զվարճալիքների խոշոր կենտրոնն է:

Ի դեպ չարաշահումների մեջ մեղադրվող Բարսեղ Բեգլարյանին պատկանող` բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը նույնպես պակասեցրել է հարկերը`եթե անցած տարի վճարել էր 3 մլրդ 753 մլն դրամ, ապա այս տարի`3 մլրդ 179 մլն դրամ: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող մեկ այլ ընկերություն` «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը ավելացրել է հարկերը գրեթե այնքան, որքան նվազեցրել է «Ֆլեշը»` 4 մլրդ 341 մլն դրամ անցած տարվա  3 մլրդ 769 մլն դրամի փոխարեն:

  • Կիսվել: