ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա․ ավագանու որոշումներ

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա․ ավագանու որոշումներ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին:

Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ կկազմակերպվի: Հաշվի առնելով տեղանքը՝ անտառտնկման աշխատանքները կիրականացվեն խրամատային եղանակով: Ի դեպ, ծառատունկի տնկանյութի մոտ 90 %-ը կապահովի քաղաքային ջերմատունը:

Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտվել է ձախակողմյան հատվածի ոռոգման ցանցի արդիականացման գործընթացը: 1.2 հա-ը ևս դարձել է ոռոգելի:

Ավարտական փուլում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից քարե շինության հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլով փոխարինվում են եզրաքարերը: Կանաչ գոտին ևս կվերականգնվի, կարդիականացվի ոռոգման համակարգը:

Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշանների տեսանելիությանը խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Ընթացքի մեջ են Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքի նորոգման աշխատանքները: Մարզական օջախն ունի առաջին հայացքից չերևացող, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք ևս լուծումներ կստանան։

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ըստ վարչական շրջանների կկազմվի գործընթացի իրականացման հստակ ժամանակացույց:

  • Կիսվել: