ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար

Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար

2025 թվականին Հայաստանը` որպես դոնոր, ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13–րդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8–րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով մեր երկիրն այս տարի ԱԶՀ հիմնադրամին կվճարի 1 մլն դոլարի չափով գումար: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 12–ին, ՀՀ կառավարության նիստում։

Նշվում է, որ հիմնադրման պահից ի վեր` 1974 թվականից, ԱԶՀ–ն համալրվել է 12 անգամ՝ 36 գործընկերների մասնակցությամբ։

«Համալրվելով ֆինանսավորման այլ աղբյուրներով` հիմնադրամն իր գոյության ընթացքում տրամադրել է ավելի քան 85 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ 36 զարգացող անդամ երկրներին»,– նշված է որոշման մեջ:

Ի դեպ, հիմնադրամի 12–րդ համալրման շրջանակում` 2021–2024 թթ., հիմնադրամից աջակցություն ստացող 5 երկրներ դարձել են դոնոր երկրներ, որոնց թվում էր նաև Ադրբեջանը: ԱԶՀ այս նոր` 13–րդ համալրման 2025-2028 թթ. ներդրողների շարքում որպես դոնոր ներգրավված է նաև Հայաստանը:

Նշվում է, որ հիմնադրամի 13-րդ համալրման համար դոնորները երաշխավորել են իրականացնել ընդհանուր 4,9 մլրդ դոլարի չափով ներդրում, որից 2,5 մլրդ դոլարը կլինի նոր դոնորներից ներդրումների ներգրավման հաշվին: Մնացած 2,4 մլրդ դոլարը կֆինանսավորվի ԱԶՀ այլ միջոցներից։

«Որպես դոնոր ԱԶՀ ռեսուրսների համալրմանը Հայաստանի շարունակական մասնակցությունը կդիտարկվի որպես Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու քայլ։ Ըստ ցանկության՝ Հայաստանի Հանրապետությունը ԱԶՀ ռեսուրսների համալրմանը կարող է մասնակցել հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով»,– ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Ասիական զարգացման հիմնադրամը՝ որպես Ասիական զարգացման բանկի արտոնյալ վարկավորման մեխանիզմ, առաջարկում է շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր բանկի ամենաաղքատ անդամներին:

 

  • Կիսվել: