երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Գործող կարգավորումներով անշարժ գույքի բաժանման կամ նոր միավորի առաջացման դեպքում կատարվում է իրավունքի պետական գրանցում: Պարտադիր պահանջ է հասցեի որոշման ներկայացումը: Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ հասցեի որոշման ներկայացումը կրում է տեխնիկական բնույթ, եւ գործընթացները կրճատելու հնարավորություն կա:

Սուրեն Թովմասյանի խոսքով կադաստրային քարտեզներում բազմաթիվ են կտրտված հատվածները, ոչ ուղիղ բաժանումները: Բազմաթիվ են գործողությունները, երբ, օրինակ, երկու հարեւան ցանկանում են իրենց հողակտորների միջեւ եղած սահմանն ուղղել: Երկու առանձին կտորներ փոխանակելու համար սեփականատերերը պետք է բաժանման սխեմաներ կազմեն, դիմեն համայնքին, ստանան առանձին հասցեներ՝ պահպանելով հիմնական հասցեները եւ ներկայացնեն իրավունքի պետական գրանցման: Այդ կտորներն առանձին միավորներով պետք է ստանան իրավունքի գրանցում, որ հետո հնարավոր լինի օտարել: Այնուհետեւ հաջորդում է առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքումը: Այդ երկու միավորը մեկ հողի մեջ միավորելու համար կրկին քաղաքացիները պետք է միավորման սխեմաներ կազմեն, դիմեն համայնքին, ստանան նոր հասցեներ եւ այլն: Այսինքն՝ գործընթացները խրթին են եւ քաղաքացիներից պահանջում են հավելյալ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ:

Նոր կարգավորումներով այս գործողություններն առաջարկվում է իրականացնել մեկ դիմումի շրջանակում: Սեփականատերերը ներկայացնելու են բաժանման սխեմա առանձնացվող եւ վերամիավորվող հատվածների համար եւ իրավունքի պետական գրանցման դիմում: Ըստ սխեմայի՝ այդ հողերն առանձնացվելու են եւ վերամիավորվելու մեկ այլ գույքին, տրվելու է իրավունքի պետական գրանցում:

Համայնքներում առաջարկվում է որոշմամբ սեփականատիրոջը հնարավորություն տալ հողի հատվածը միանգամից ընդլայնել՝ պահպանելով հիմնական գործի հասցեն:

Սուրեն Թովմասյանը նշել է, որ գործում է գեոպորտալը, հասցեները կապակցվել են քարտեզագրական բաղադրիչին, որտեղ վիզուալիզացվելու են նաեւ հասցեները՝ հեռանկարում նաեւ քաղաքացիների եւ համայնքների ղեկավարների համար: Նրա խոսքով համայնքներում հասցեավորման որոշումները կայացնելու խնդիր կա, քանի որ տվյալները թղթային են եւ դրանց հիման վրա շարունակականությունն ապահովելը բարդ է:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը փորձել է պարզել՝ քաղաքացիների համար որքանո՞վ է դյուրացել գործընթացը: «Հողը կիսելու ժամանակ քաղաքացին համայնքապետարան գնալու խնդիր չի՞ ունենալու, միայն կադաստրո՞ւմ է վճարումներն ու փաստաթղթերը ներկայացնելու»,-հետաքրքրվել է նա:

«Եթե քաղաքացիների գրանցված իրավունքներում նշված հասցեները համապատասխանում են հասցեավորման կարգին, ապա կարող են իրենց մեջ համապատասխան բաժանումն ու միավորումը կազմակերպել՝ առանց համայնք գնալու: Եթե վկայականի մեջ նշված հասցեն չի համապատասխանում հասցեավորման կարգին, քաղաքացին իր հիմնական վկայականի հասցեի համար պետք է գնա համայնք»,-պարզաբանել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Գործընթացն այժմ թվայնացվել է. քաղաքացին համայնքում միայն իրեն նոր հասցե տամադրելու վերաբերյալ դիմում է գրելու:

  • Կիսվել: