հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրեն Թովմասյանն ընտրվել է Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ

Սուրեն Թովմասյանն ընտրվել է Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ

Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ:

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ ընտրվելը նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրոգեոգրաֆիքսին, և սա առաջին դեպքն է, երբ ի թիվս կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների, Կադաստրի կոմիտեի ղեկավարը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նման հեղինակավոր կազմակերպության խորհրդի կազմում:

Կառավարման խորհրդի անդամներն ընտրվում են յուրաքանչյուր Գլխավոր համաժողովին` երկու տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Կառավարման խորհուրդը պատասխանատու է կազմակերպության ընդհանուր կառավարման համար, այն կազմված է նախագահից, ով նախագահում է կազմակերպությունը և առնվազն վեց անդամնից, ովքեր լիիրավ անդամների ներկայացուցիչներ են:

Կառավարման խորհուրդն առաջարկում է կազմակերպության տարեկան բյուջեն, որը ներկայացնում է ընդհանուր ժողովի հաստատմանը գանձապետի միջոցով՝ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի համաձայն: Կառավարման խորհրդի անդամը մասնակցում է կազմակերպության կողմից հրավիրված հանդիպումներին, օժտված է որոշումների կայացման իրավունքով:

  • Կիսվել: