ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ներկայացվել են 2024 թվականի ընթացքում ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում տեղի ունեցած զարգացումները

Ներկայացվել են 2024 թվականի ընթացքում ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում տեղի ունեցած զարգացումները

2024 թվականին Եվրամիությունից ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ: Դրամաշնորհային միջոցներով իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ծախսելով 4 մլրդ 218 մլն դրամ: Բյուջետային աջակցության նպատակով ստացվել են 14 մլրդ 780 մլն դրամի դրամաշնորհներ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցողը մանրամասներ է հաղորդել Հայաստան-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստերի աշխատանքներից: Նշվել է, որ ԵՄ լավագույն փորձին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումից բացի գերատեսչությունն իրականացնում է բազմաթիվ աջակցության մեխանիզմներ՝ դյուրացնելու մեր ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ: Նախարարը խոսել է նաև ԵՄ-ի հետ իրականացվող մի շարք ծրագրերի մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում տեղի ունեցած զարգացումները: Նրա տեղեկացմամբ կայացել են գործընկերության շրջանակում ստեղծված մարմինների ամենամյա նիստերը, այդ թվում? Հայաստան-Եվրամիություն Համափարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բարձրագույն մարմնի նիստը, ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հերթական նիստը և մի շարք այլ նիստեր:

Փոխնախարարը խոսել է նաև 2024 թվականին մեկնարկած Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման փաստաթղթի վերաբերյալ՝ իրատեսական համարելով մինչև տարեվերջ դրա ամբողջական ստորագրումը:

Զեկուցողը կարևոր ձեռքբերում է համարել Եվրամիության ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելություններում և գործողություններում Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը:

Վահան Կոստանյանը նաև խոսել է ԵՄ անդամ երկրների և ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեցող գործընկերների հետ քաղաքական բազմաթիվ խորհրդակցություններ ունենալու մասին:

Զեկուցողները նաև պատասխանել են պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: