երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ներկայացվել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները

Ներկայացվել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները

Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ձեւավորել է իր գործունեության ծրագրի առաջին մասում նախատեսված ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների միջոցով: Հաշվեքննությունների ընթացիկ արդյունքները եռամսյակային պարբերականությամբ հրապարակվել են, իսկ դրանց մի մասը դարձել են նաեւ հանրային քննարկումների առարկա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած եւ, ըստ անհրաժեշտության, ոլորտային գլխադասային հանձնաժողովների հետ համատեղ նիստերի հարթակում: Այս մասին հունիսի 15-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է հարակից զեկուցող, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով ԿԲ եզրակացությունը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Հաշվեքննության արդյունքներով Հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետեւ ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից եւ ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից:

«Ներկայացվածը կարող է հարցեր առաջացնել այն համատեքստում, որ նախկինում քննարկված տարբեր եզրակացություններ պարունակել են անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ գրառումներ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը եւ հնարավոր հարցերը կանխելու համար ներկայացրել է վիճակագրությունը:

Զեկուցողի խոսքով 10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրվել են 113 անհամապատասխանություններ. ոչ բոլորն են, որ հանգեցրել են ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրումների առկայության: «Դրանցից 5 պետական մարմիններում 18 խեղաթյուրումներ են արձանագրվել ընթացիկ հաշվեքննությունների արդյունքներով: Խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է բյուջետային ծախսերի 0,11 տոկոսը, ինչը չի ազդել կարծիքի ձեւավորման վրա»,- պարզաբանել է Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով մանրամասներ սահմանումներից, որոնք տրված են անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ: Ըստ նրա` անհամապատասխանություններն իրավակարգավորումների եւ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերել է քաղաքացիաիրավական հարաբերություններին, դրանք կանոնակարգող պայմանագրերի շրջանակում սահմանված պահանջներից տարբերություններն են, իսկ խեղաթյուրումներն այն դեպքերն են, երբ ֆինանսական գործառնությունների համար սահմանված ընթացակարգերից տարբերվող եղանակով եւ տարբերվող արդյունքներ են արձանագրվել ֆինանսական հաշվետություններում:

Ամփոփելով` Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, որը Գեւորգ Պապոյանի ղեկավարությամբ եւ մյուս մշտական հանձնաժողովների հետ համագործակցությամբ, հետեւողականորեն ձեւավորում է պահանջարկ, ինչպես Հաշվեքննիչ պալատի, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ:

  • Կիսվել: