շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում լրացումներ են առաջարկվում

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում լրացումներ են առաջարկվում

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում:

Նախաձեռնությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը:

Նշվել է, որ հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում կբացվի կայունացման միջոցների ենթահաշիվ:

Փոխնախարարի խոսքով՝ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, եւ որը պետք է գտնվի Կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված Համախառն ներքին արդյունքի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:

Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ բազմաթիվ երկրներում ստեղծվել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ, որոնք իրենցից ներկայացնում են հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ՝ ուղղված տնտեսական լավ ժամանակաշրջանում միջոցները խնայելուն եւ տնտեսական անկման շրջանում այդ միջոցներն օգտագործելուն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման եւ կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարեւոր գործիք է նաեւ տնտեսական հնարավոր շոկերի եւ ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:

Փաթեթի վերաբերյալ դիտարկումներ եւ առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ դրանք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: