երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ անելիքները

Նարեկ Մկրտչյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ անելիքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ 
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։
 
Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ կարևոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։
 
Ներկայացնելով տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման ուղղությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում, առկա ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ Կառավարությունը նախատեսում և իրականացնում է տարբեր ծրագրեր։
 
Անդրադառնալով ԵՄ մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ոլորտային աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը դրական և արդյունավետ է որակել ինտեգրված սոցիալական ծառայությունների, սոցիալական բնակապահովման, մարդկանց թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում համատեղ ներդրված ջանքերը։
 
Դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ևս ակտիվորեն ներգրավվել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։

 

  • Կիսվել: