հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախարարությունը սխալ հաշվարկներ է արել, անգամ երեխան տեսնի այդ թվերը` կծիծաղի. Հրաչ Բերբերյան

Նախարարությունը սխալ հաշվարկներ է արել, անգամ երեխան տեսնի այդ թվերը` կծիծաղի. Հրաչ Բերբերյան

Էկոնոմիկայի նախարարությունը անասունների գլխաքանակի անհավանական թվեր է ներկայացրել։ Հայաստանի պատմության մեջ 1 միլիոն գլուխ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Բերբերյանն ասաց, որ նախարարությունը Կառավարությանը ներկայացրել է մոտ 19 հազար տոննա միս, իսկ այդ թիվը ծիծաղելի է:

«Սխալ հաշվարկների արդյունք է, միտումնավոր դժվար թե անեին։ Այդ նախարարության աշխատակիցները աշխատասենյակում չպետք է նստած լինեն։ Պետք է գոմերում լինեն, դաշտերում, շփվեն արտադրողների հետ։ Զանգել, ասել եմ՝ փոխեք այդ թվերը, երեխան տեսնի՝ կծիծաղի»,-ասաց Բերբերյանը:

Նա խոսեց նաև մսի գնից. «Տավարի միսը թանկացել է մոտ 300 դրամով, ինչպես մեծածախը, այնպես էլ մանրածախը։ Եթե Կառավարությունը ցանկություն ունի իրոք ոչխարաբուծությունը զարգացնել, մենք պատրաստ ենք իրենց տալ լուրջ ծրագիր»։

Անդրադառնալով բերքի արդյունքներին` Բերբերյանը նշեց. «Կարտոֆիլը թանկանալու է, գարնանը կլինի 400 դրամ, քանի որ ցանքատարածություններն են պակասել 10-15 տոկոսով։ Մեր ֆերմերները հիմա կարտոֆիլը կուտակում են, որ գարնանն ունենանք բարձր գին։ Ցորենի ցանքատարածություններն էլ են պակասելու, չկա սերմացու»:

 

  • Կիսվել: