շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախարարությունն առաջարկում է վերացնել հողամասերի ընդլայնման հետ կապված խոչընդոտները

Նախարարությունն առաջարկում է վերացնել հողամասերի ընդլայնման հետ կապված խոչընդոտները

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վերացնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և դրանով բարելավել գործարար միջավայրը։ Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։ Նախարարի խոսքով՝ աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ և հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է խնդիր՝ կապված հողամասերի ընդլայնման հետ:

«Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն: Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է»,- ասաց Քերոբյանը։
 
Ըստ նախարարի՝ վերլուծելով նշված սահմանափակումները եւ դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում կառուցապատման բնագավառի զարգացման վրա:
 
«Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական,  թե ժամանակային ռեսուրսները: Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ: Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա»,- եզրափակեց Քերոբյանը։

Նախարարը կարծում է, որ օրենքի փոփոխությունը էապես կաշխուժացնի հողամասերի վրա կառուցապատման գործընթացը։

  • Կիսվել: