Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ մանկապարտեզների հետ կապված նախարարության ամենակարևոր ցուցանիշներից մեկին, որը երեխաների ընդգրկվածությունն է նախադպրոցական կրթության ոլորտում:
Նախարարի խոսքով՝ այս մասին նախկինում առիթ ունեցել է խոսելու, որ 2017 թվականի համեմատ շուրջ 20 տոկոսով ապահովել են 3-5 տարեկան երեխաների աճ նախադպրոցական կրթության ոլորտում:
«Ոչ միայն շուրջ 20 տոկոսով ավելի երեխաներ են ընդրգկված կրթության մեջ, այս պահին 75 տոկոսի մասին ենք խոսում, այլ նաև երեխաներն ավելի երկար ժամանակ են անցկացնում մանկապարտեզում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հայտնելով, որ նախարարությունը մսուրների առումով նոր ծրագիր է սկսում:
«Ունենք արդեն 1 տարեկանից սկսած ու նաև 6 ամսականից սկսած երեխաների համար նախատեսված ծառայություններ. նախապատրաստական աշխատանքներն արված են, և ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից, ինչպես որ նախատեսված է»,- տեղեկացրեց նախարարը:
Խոսելով հանրակրթության ոլորտի մասին՝ Անդրեասյանը ուշադրություն հրավիրեց մի կարևոր ցուցանիշի՝ հանրակրթության ֆինանսավորման վրա:
«2024-ին հանրակրթության ծրագրին ուղղվել է ավելի քան 126,6 միլիարդ դրամ: Ի դեպ, 99,8 տոկոս կատարողականով, և այստեղ էապես ավելացել է դպրոցների ֆինանսավորումը, որը կազմել է շուրջ 113,9 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է 2023 թվականի համար ընդհանուր հանրակրթության ֆինանսավորումը 13,4 տոկոսով»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ սա նաև նոր չափորոշչի ներդրման շնորհիվ է:
Խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին՝ Անդրեասյանն ընդգծեց՝ կարողացել են ուսուցիչների շուրջ 20 տոկոսին այս ծրագրի շրջանակներում բարձրացված դրույքաչափով աշխատավարձի հնարավորություն տալ:
«Այս միջոցառման համար 2024-ին 6,2 միլիարդ դրամ է հատկացվել, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 1,9 անգամ: Առաջիկայում կտրվի կամավոր ատեստավորման դիմումների հայտարարությունը, ատեստավորման բուն գործընթացը նախատեսում ենք նոյեմբերին անցկացնել»,- հավելեց նախարարը՝ նկատելով, որ այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր են: