ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի հունիսի 09-ի դռնբաց նիստում որոշել է վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) կայքէջում հրապարակված որոշումից։
Հանձնաժողովի որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել են Հանձնաժողով նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։
Որոշման մեջ նշվում է նաև, որ Հանձնաժողով ներկայացված դիմումներով բարձրացվող հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից Կառավարության քննարկմանը ներկայացված՝ Թիվ 838-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ընտրության գործընթացը կարող է պարունակել պետական մարմնի կողմից տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ։