հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոտ 700 տոննա թունաքիմիկատների ներկրումն արգելել են. գներն էլի կբրաձրանան. Ակցիա ՍԱՏՄ-ի դիմաց

Մոտ 700 տոննա թունաքիմիկատների ներկրումն արգելել են. գներն էլի կբրաձրանան. Ակցիա ՍԱՏՄ-ի դիմաց

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:

Ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես ներկայացնում եմ թունաքիմիկատ ներկրողներին, որոնք տասնյակից ավելի են; Ագրոքիմիկատներ եւ պեստիցիդներ ներկրողները հայտնվել են ցայտնոտային վիճակում, երբ իրենց արտադրանքը մի ժամանակ թույլատրվում էր ներմուծել, իսկ ներկայումս ոչ: Որեւէ նորմատիվ իրավական ակտ չփոփոխելով չի թույլատրվում ներկրել: Պատճառաբանվում է, որ 2022-ի նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ նախագահի կողմից որոշում է կայացվել, որով թունաքիմիկատների եւ պեստիցիդների հետ կապված  սյունակներ են ավելացրել արտադրող երկիր եւ կազմակերպություն, սակայն որեւէ հիմնավորում չկա արտադրող երկրի մասով: Արտադրող երկիր հասկացությունը որեւէ իրավական ակտում նշված չէ, եւ այդ առումով այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը եւ հակասում է Բուսասանիտարիայի մասին օրենքին: Օրենքը սահմանում է ոչ թե արտադրող, այլ գրանցող երկիր:

Ընկերությունների համար սա անկանխատեսելի է եղել, որեւէ քննարկում չի եղել նախքան ընդունումը: Հետո են տեղեկացրել:

Քանի որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում, փորձել ենք դիմել  կառավարություն, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Բանավոր խոսքում ասել են, որ իրենք էլ են համաձայն, որ կա խնդիր, որը պետք է լուծվի, սակայն դեկտեմբերից մինչ օրս լուծում չի ստացել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ծավալի պարարտանյութ կա մաքսային պահեստներում, որ հնարավոր չի լինում մաքսազերծել, ներկայացուցիչը պատասխանեց, որ խոսքը մոտ 700 տոննայի մասին է, որոնք գյուղատնտեսական թունաքիմիկատներ են. «Ներմուծումն արգելելը կարող է հանգեցնել նրան, որ ժամկետն անցնի, հետեւաբար կազմակերպությունները կարող են սնանկության հասնել: Այս փուլում գործադիր մարմնի հետ քննարկումների փուլում ենք, հետագայում կդիմենք նաեւ դատարան:

Այս խնդիրը վերաբերելու է  բոլորին, այս պահին ներմուծողները խնդիր ունեն, հետագայում խնդիր են ունենալու նաեւ ֆերմերները, ապա նաեւ սպառողները:

Միանշանակ գինը բարձրանալու է, որովհետեւ պահեստավորման լրացուցիչ ծախսեր են առաջանում»:

ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը իջան ակցիայի մասնակիցների մոտ եւ ասաց. «Մենք այս պահին որեւէ դիմում չունենք, որտեղ գրավոր ձեւակերպված կլինի ձեր բողոքները, որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ես կցանկանայի, որ ունենայինք գրվոր դիմում, որին կկարողանայինք պատասխանել»:

«Ագրոինփուտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ 4-6 պաշտոնական դիմում է ներկայացրել ՍԱՏՄ-ին, եւ ստացել է նույն պատասխանը. «Ես հարց եմ ուղղել, թե ինչու «Սինգենտա» շվեյցարական ,Քրոպրոթեքշն» ընկերության դեղերը չեն թույլատրում մաքսազերծել: պատասխանը հետեւյալն է՝ քանի որ գրանցվածը չի համապատասխանում ՀՀ գրանցման վկայականներում գրված երկրին»:

  • Կիսվել: