ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը

Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը

Ազգային ժողովը քննարկում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է:

Նրա խոսքով, օրենքով նախատեսվում է, որ 5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է դրամական ավանդային շեմը 10 միլիոնից դարձնել 16 միլիոն, իսկ արտարժույթով շեմը՝ 5 միլիոնից դարձնել  7 միլիոն:

 «Գործում է համապատասխան հիմնադրամ, որ ավանդների հատուցումը երաշխավորվի: Նախագծով չեն նախատեսվում բանկերի կողմից լրացուցիչ մուտքեր այդ հիմնադրամին»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ անցած հինգ տարիների ընթացքում թվաքանակի առումով ավանդատուների թիվն իջել է ընդհանուր բանկային ավանդատուների թվաքանակի մեջ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մեջ երաշխավորված ավանդների շեմը նվազել է, և այս ցուցանիշները ցույց են տալիս, որ պետք է կարողանան դա բարձրացնել։

«Չնայած նրան, որ ավանդային միավորների մոտ 98 տոկոսը թվաքանակով երաշխավորվում է, բայց ծավալային առումով ընդամենը 41.5 տոկոսն է: Շեմի բարձրացման արդյունքում առնվազն 3-4 տոկոս կբարձրանա ցուցանիշը՝ մոտենալով 45 տոկոսին: Սա փաստում է, որ փոքր ու միջին ավանդատուների հատուցումը երաշխավորում ենք»,- նշեց Միքայել Մեքումյանը:

Պատգամավորը հայտնեց, որ Հայաստանում կա 3 տրիլիոն դրամից ավելի ավանդ, առնվազն 1 միլիոնից ավելի՝ ավանդատու:

  • Կիսվել: