երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Վաչե Տերտերյան

Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Վաչե Տերտերյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։

«Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում, նպատակներում և ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ»,- ասաց Վաչե Տերտերյանը։ 

Նրա խոսքով՝ առաջին հանգամանքը, որ բերում է դրան, այն է, որ մենք 2022 թվականին էներգետիկայում արդեն իսկ ներդրել և անցել ենք ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, ինչն էականորեն փոխել է իրավիճակը. մասնավորապես մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր ռազմավարությունում և ծրագրում։

Փոխնախարարը նշեց, որ երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների՝ հատկապես և մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։

«Այս տեմպերը լավ իմաստով ավելի հուսադրող են և ավելի մեծ, ինչը մեզ հնարավորություն է տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման կամ ավելի պոզիտիվ դարձնելու տրամաբանությամբ։ Հատկանշական է, որ մենք էներգետիկայի բնագավառում ռազմավարության մեջ արձանագրել ենք ցուցանիշներ, որոնք թղթակցվում են մեր միջազգային հարաբերություններով ամրագրված գործընթացներով։

Մենք այս պարագայում նոր ցուցանիշ ենք մտցնում 40 թվականի համար, և ոչ միայն ֆիզիկապես ֆիքսում ենք. նախ ֆիքսված 1000 ՄՎտ-ը փոխում ենք և ընդհանուր առմամբ արձանագրում ենք, որ մինչև 2000 ՄՎտ կունենանք վերանկանգնվող էներգետիկա: Դրա մեջ ուղիղ իմաստով հաշվարկված չէ նաև 2 ուղղություն. մեկ հիմնական ուղղություն՝ քամու վերականգնվող էներգետիկան, որը հիմա որոշակի ակտիվություն է դրսևորում, բայց միայն արևով մենք այդ ցուցանիշը կապահովենք, և 2-րդ՝ մենք մինչև 2030 և 2040 թվականները սահմանել ենք 50 և 60 տոկոս ցուցանիշներ արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի մասով։ Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ, մասնավորապես, արևային և այլ վերականգնվող էներգետիկ աղբյուրների ներդրման հետ»,- նշեց Վաչե Տերտերյանը։

  • Կիսվել: