հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հեռավոր, բարձրադիր, լեռնային և բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները ավելի շատ դոտացիա կստանան. նախագիծ

Հեռավոր, բարձրադիր, լեռնային և բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները ավելի շատ դոտացիա կստանան. նախագիծ

«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի տրամաբանության մեջ արմատական փոփոխություն է կատարվում, վերադառնում ենք այն տրամաբանությանը, որն ի սկզբանե դրված է եղել մեր ֆինանսական համահարթեցման մասին այսօրվա գործող օրենքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վաչե Տերտերյանը փոփոխությունների հիմնավորումը ներկայացնելու համար հիշեցրեց օրենքի նախապատմությունը:

«2016-ին ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, որով փոփոխություն կատարվեց դեռևս 1996 թվականից գործող համահարթեցման մասին օրենքում: Նախկին օրենքի գործունեության ժամանակ, ինչը, վստահաբար, արդարացրել էր իրեն՝ հաշվի առնելով և՛ ժամանակաշրջանը, և՛ համայնքներում տիրող իրավիճակը, շեշտադրումն արվում էր համայնքներին տրամադրվող դոտացիաները բաշխելու պարագայում նրանց բնակչության թվին, եկամտային ունակությանը, և համահարթեցվում էր եկամտային ունակությունը՝ Ա և Բ, շեշտադրվելով նաև բնակչության թիվը:

2016-ին ընդունված օրենքում մենք խորքային փոփոխություն կատարեցինք և առաջարկեցինք, որ եկամտային ունակությունները, համահարթեցնելուց բացի, մենք հաշվի առնենք ծախսային ունակությունները, կարիքները»,- ասաց նախարարի տեղակալը, ապա պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է միևնույն տիպի՝ հավասար պայմաններում գտնվող երկու համայնքների ծախսերին, այն է՝ նրանք բարձրադի՞ր են, թե՞ հարթավայրային, հեռավո՞ր են, թե՞ մոտ, ունեն շա՞տ նախադպրոցական տարիքի երեխաներ, թե՞ քիչ: Այս նպատակով, ըստ նախարարի տեղակալի, մտցվել էին գործակիցներ՝ ըստ եկամտային ունակության և ծախսային կարիքների հաշվառման:

«Սակայն ԱԺ-ում անցումային դրույթներ ներմուծվեցին օրենքի մեջ, պայմանավորվեցինք, որ հետայսու օրենքի գործունեության ժամանակ՝ 2016-ից հետո, որպես հիմք կընդունենք 2016-ի դոտացիաների բաշխումը:

Մենք շարունակաբար անում ենք հետևյալ ալգորիթմը՝ դոտացիաների՝ անընդհատ աճող ֆոնդից առանձնացնում էինք այն քանակը, որը բաշխվել էր 2016 թվականին, և այնպես, ինչպես բաշխվել էր 2016 թվականին: Հիմնավորումն ու շարժառիթն այն էր, որ որևէ համայնք ավելի պակաս դոտացիա չստանա, քան ստացել է 2016-ին: Եվ մնացած հավելաճը դոտացիոն ֆոնդի բաժանում էինք մեր օրենքի տրամաբանությամբ, այսինքն՝ հաշվի առնելով նաև ծախսային կարիքները: Մենք ակնկալում էինք, որ դոտացիոն աճի պարագայում կգանք այնպիսի վիճակի, երբ կկարողանանք ամբողջությամբ գործարկել, և դոտացիաների աճի այնպիսի ծավալ կունենանք, ինչը թույլ կտա ծածկել հնարավոր փոփոխությունները դոտացիոն հատկացումներում»,- ասաց նա:

Ըստ Տերտերյանի՝ 2016-ին օրենքի ամբողջական ծավալով գործելու պարագայում շուրջ 150 համայքից հարաբերականորեն մեծ եկամտային ունակություններ և բարվոք ծախսային կարիքներ ունեցող համայնքների դոտացիոն ֆոնդից շուրջ 5-7 միլիարդ դրամ տեղափոխվում էր ավելի հեռավոր սահմանամերձ համայնքներ:

«Այս պարագայում այս օրենքի նախագծով մենք անում ենք դա. հանում ենք 2016 թվականի բազան, և օրենքն ամբողջ ծավալով աշխատացնում ենք, ինչի արդյունքում մեր եկամտային ցածր ունակություններ ունեցող և հեռավոր, բարձրադիր, լեռնային և բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն կունենան ավելի շատ դոտացիաներ ստանալ»,- ասաց նա:

Այսպիսով՝ սահմանամերձ բնակավայր ունեցող համայնքների համար, ըստ Տերտերյանի, օրենքով նախատեսվել է հատկացնել 5-ական միլիոն դրամ, բայց ոչ թե համայնքների համար, այլ համայնքներին հատկացվող դոտացիաների շրջանակում, այսինքն՝ ճիշտ այնքան անգամ 5 միլիոն դրամ, ինչքան սահմանամերձ բնակավայր կա այդ համայնքի մեջ:

«Երկրորդ նորամուծությունը, որ առաջարկվում է, այն է, որ փոքրաթիվ բնակչություն ունեցող՝ 3500 բնակիչ ունեցող համայնքների համար, իսկ 3500 բնակիչ ունեցող համայնքների մեջ հիմնականում մտնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով առավելապես բնակեցված հատվածները, մենք հատկացնում ենք 50-ական միլիոն դրամ»,- ասաց նա:

  • Կիսվել: