հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջնաժամկետում պետք է ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազող ցուցանիշներ. նախարար

Միջնաժամկետում պետք է ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազող ցուցանիշներ. նախարար

Հայաստանում 2020-ին և 2021-ին պետբյուջեի դեֆիցիտը միջին պատմական դեֆիցիտից մի քիչ ավելի բարձր է եղել, ՀՀ կառավարության նպատակն է երկարաժամկետում վերադառնալ ավելի ցածր ցուցանիշին, միջնաժամկետում վերադառնալ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազող ցուցանիշների:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Նախարարը նախ խոսեց աշխարհի տնտեսական ցուցանիշների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2021-ին գրանցվել է ՀՆԱ-ի 5,7 տոկոս իրական աճ: «Այն կրել է տարբեր ազդեցություն տնտեսության տարբեր ոլորտներից: Ծառայությունները համեմատաբար ավելի մեծ ազդեցություն են ունեցել: Արդյունաբերության աճը՝  4,2 տոկոս, նույնպես եղել է նկատելի, ծառայություններն աճել են  7.8 տոկոսով, շինարարությունը՝ 2,6 տոկոսով: Եվ միակ ոլորտը, որտեղ ունեցել ենք նվազում, գյուղատնտեսության ոլորտն է, նվազումը կազմել է 1,4 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց ամբողջ տարվա ընթացքում գնաճային բարձր ֆոնի մասին: Միջին գնաճը 2021-ին կազմել է  7,2 տոկոս: Ընդ որում, այս գործոնը նկատվում է նաև ընթացիկ տարում: «Բարձր գնաճն ամբողջ աշխարհում նկատված երևույթ է եղել թե նախորդ տարվա, թե այս տարվա ընթացքում: Դա առավելապես պայմանավորված էր այն գործոնով, որ կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ արժեշղթաներ դուրս էր բերել իրենց բնականոն ընթացքից, մատակարարումները ժամանակին չեն կատարվել, ռեսուրսները սահմանափակ են եղել, և այդ պայմաններում առաջին հերթին բնականաբար ազդեցություն են կրել հատկապես պարենի գները»,- ասաց նախարարը:

 
Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 2021-ի ընթացքում կազմել է 11,2 տոկոս: Դա իր ազդեցությունն է ունեցել ընդհանուր գնաճային ֆոնի վրա: 7,2 տոկոս գնաճի 4,2 տոկոսը պայմանավորված է եղել պարենի գների աճով: Արտահանումը 2021-ին աճել է ավելի բարձր, քան ներմուծումը՝ կազմելով  29,7 տոկոս:

Պետբյուջեի հարկային եկամուտներին անդրադառնալով՝ Խաչատրյանը նշեց. «Շնորհիվ ավելի բարձր հարկային եկամուտների՝ մենք կարողացել ենք ավելի շատ ծախսել՝ պահպանելով պակասուրդի այն սահմանաչափը, որ սահմանված էր օրենքով և ԱԺ-ի կողմից: Առաջին անգամ հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ ունեցել ենք 22,7 տոկոս ցուցանիշ: Դա թույլ է տվել, որ ՀՆԱ-ի նկատմամբ 25,6 տոկոսի չափով ընթացիկ ծախսեր կատարենք և 3,1 տոկոսով՝ կապիտալ ծախսեր»:

Նախարարի խոսքով՝ 2021-ին պետական բյուջեի պակասուրդը կամ դեֆիցիտը ունեցել է որոշակի բարելավում: «Եթե 2020-ին կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների հանգամանքներով պայմանավորված՝ մենք ստիպված ենք եղել ծախսել ավելի շատ փոխառու միջոցների հաշվին,  և պետբյուջեի պակասուրդը հասել էր ՀՆԱ-ի նկատմամբ 5,4 տոկոսի, ապա 2021-ին արդեն ունեցել ենք մեր ծախսային նվազեցումների տանող, զսպող քաղաքականություն»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում արձանագրվել է ՀՆԱ-ի նկատմամբ 4,6 տոկոս դեֆիցիտ, ինչը թույլ է տվել, որ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2020-ին արձանագրված 63,5 տոկոսից նվազի և 2021-ին կազմի 60,3 տոկոս:

«Մենք 2020-ին և 2021-ին ունեցել ենք միջին պատմական դեֆիցիտից մի քիչ ավելի բարձր ցուցանիշ: Եվ մեր նպատակն է երկարաժամկետում վերադառնալ դեպի ներքև: Դա նաև մեր պարտքի քաղաքականության հիմքում է ընկած: Մակրոտնտեսական կայունություն երաշխավորելու համար պետք է միջնաժամկետում ունենանք պարտքի նվազող ցուցանիշներ՝ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը:

Նա խոսեց նաև համավարակի հետևանքները մեղմելու համար ուղղված զգալի միջոցների մասին:

  • Կիսվել: