ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի շարք տուրիստական ընկերություններ սնանկանում են. կառավարության միջոցառումները օգտակար չեն եղել

Մի շարք տուրիստական ընկերություններ սնանկանում են. կառավարության միջոցառումները օգտակար չեն եղել

Մի շարք տուրիստական ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սննկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են: Այսօր Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ խորհրդարանի 334 դահլիճում քննարկման ժամանակ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները մտագհոգություն հայտնեցին՝ եթե ՀՀ կառավարությունը զբոսաշրջային ոլորտի համար հասցեական եւ նպատակային միջոցառումների ծրագիր չիրականացնի, կորուստներն անդառնալի կլինեն: 

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կառավարության իրականացրած միջոցառումները օգտակար չեն եղել զբոսաշրջային ոլորտի ընկերությունների համար: Ըստ նրա՝ լավագույն դեպքում տուրոլորտի ընկերությունները կսկսեն եկամուտներ ունենալ հաջորդ տարվա ապրիլից, ամենալավատեսական սցենարով՝ այս տարվա սեպտեմբերից, եւ, եթե օգտվեն կառավարության առաջարկած վարկային միջոցներից, միեւնույն է, չեն կարողանալու սկսել մարել այդ վարկերը, որովհետեւ եկամուտ դեռեւս չեն ունենալու, իսկ արտոնյալ պայմաններով տրվող վարկի երկու տարի ժամկետն էլ բավարար չէ.

«Զբոսաշրջության համար կարեւոր է, որպեսզի այդ արտոնյալ միջոցները տրամադրվեն ոչ թե 24 այլ 36 ամսով, առնվազն՝ 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով, որպեսզի ի վիճակի լինենք մարել այդ վարկերը: Երրորդ միջոցառումը, որը հիմնականում ՓՄՁ սուբյեկտների համար է, այստեղ առավել հասցեական եւ նպատակային կլինի այդ միջոցառումներում լինեն փոփոխություններ: Իսկ առավել արդյունավետ կլինի, որ զբոսաշրջության համար ունենանք առանձին ծրագիր»:

Մեխակ Ապրեսյանը կոչ արեց փառատոնների կազմակերպմամբ, երկրի տեսարժան վայրերի գովազդմամբ, նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը: Նրա խոսքով, մինչ միջազգային զբոսաշրջության վերականգնումը՝ տուրընկերություններն իրենց գործունեությունը սկսելու են ներքին զբոսաշրջությունից:


  • Կիսվել: