չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը և Իրանի արդյունաբերության նախարարը մտքեր են փոխանակել համատեղ արտադրությունների հիմնման շուրջ

Մհեր Գրիգորյանը և Իրանի արդյունաբերության նախարարը մտքեր են փոխանակել համատեղ արտադրությունների հիմնման շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորություններին և նշել է, որ Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ԻԻՀ նախարարին բիզնեսի ընդլայնմանն աջակցելու և արտահանումը խթանելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առկա գործիքակազմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: 

  • Կիսվել: