ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի առավելություններն ու գերմանական բիզնեսի համար բացվող հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ առկա է փոխգործակցության լավ հիմք, որի վրա հնարավոր է զարգացնել գործընկերությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Վիկտոր Ռիխտերը կարևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:

Քննարկվել են նաև առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Կառավարության նախագծած բարեփոխումները, որոնց շրջանակներում փոխվարչապետը կարևորել է գերմանական գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական ներուժի մասնակցությունը գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

  • Կիսվել: