ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր տեղական արժույթով պետական պարտատոմսերը տեղաբաշխվել են գրեթե նույն եկամտաբերությամբ, ինչ հակառակորդինը. փորձագետ

Մեր տեղական արժույթով պետական պարտատոմսերը տեղաբաշխվել են գրեթե նույն եկամտաբերությամբ, ինչ հակառակորդինը. փորձագետ

Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ տեղի են ունեցել և՛ Հայաստանի, և՛ մեզ հետ պատերազմող երկրի թողարկած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Զաքարյանը:

՛՛Ընդ որում` մեզ մոտ տեղաբաշխման ծավալը ներքին շուկայի համար պատմական առավելագույնն էր՝ 60 մլրդ դրամ։ Ու այս պայմաններում այդ պարտատոմսերը ոչ միայն բարեհաջող տեղաբաշխվել են, այլև պահանջարկը 2.7 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով շուրջ 160 մլրդ դրամ (աճուրդի այլ մանրամասները՝ մեկնաբանությունում):

Բայց սա դեռ ամենը չէ, շատ կարևոր են նաև պարտատոմսերի ժամկետայնությունն ու տեղաբաշխման եկամտաբերությունը, և այստեղ են հետաքրքիր նրբություններ բացահայտվում։ Ավելի պարզ լինելու համար ներկայացնեմ վերոնշյալ աճուրդների ծավալի, միջին կշռված եկամտաբերության և պարտատոմսերի մարման տարբերությունները (առաջինը մեր տվյալներն են, համեմատության համար էլ ծավալները ԱՄՆ դոլարով են ներկայացված)՝

-Ծավալ` 123 մլն դոլար vs 26 մլն դոլար
-Եկամտաբերություն` 7.9248% vs 7.9246%
-Մարման ամսաթիվ՝ 29.10.2029 vs 13.07.2021

Փաստացի մեր տեղական արժույթով ավելի քան 9 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերն իրենց պատմական առավելագույն ծավալով տեղաբաշխվել են գրեթե նույն եկամտաբերությամբ, ինչ հակառակորդի ընդամենը մեկ տարի ժամկետով և միջինից նույնիսկ փոքր ծավալով պարտատոմսերը։

Հաշվի առնելով, որ Ֆիթչի կողմից մեր երկրին տրված ռեյտինգը երկու աստիճանով ցածր է, պետք է որ հակառակ պատկերը լիներ, բայց սա է իրականությունը, ընդ որում՝ բացարձակ օբյեկտիվ իրականությունը։

Ռեյտինգի սանդղակում էլ մեր՝ ավելի ճիշտ տեղը գրավելն ընդամենը ժամանակի հարց է՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: