ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք հիմա այն վիճակում ենք, որ պլյուս-մինուս 100 միլիոնն էական նշանակություն չունի. վարչապետ

Մենք հիմա այն վիճակում ենք, որ պլյուս-մինուս 100 միլիոնն էական նշանակություն չունի. վարչապետ

Վերջին տարվա մեջ ՀՔԾ-ն 7 անգամ ավելի շատ է գումար բերել, քան իր գոյության ամբողջ ընթացքում՝ մոտ 100 մլն դոլար։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Պետրոս Ղազարյանին հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին:

Նա նշեց, որ ընդհանուր բյուջեի եկամտային մասը ավելացել է 1 մլրդ դոլարով, սակայն վարչապետը դրանից գոհ չէ։

«Ես ասել էի, որ բանակի ծախսերը պետք է ավելանան 2,5 մլրդ դոլարով, և դրա կեսը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործություններից հետ բերած գումարները»,-ասաց նա:

Փաշինյանը նաև հավելեց, որ պետական ապարատը ուռճացված է, և մեղմ եղանակով այն պետք է օպտիմիզացվի, իսկ մնացողները ստանան արժանապատիվ աշխատավարձ:

Պատասխանելով այն հարցին, թե բարելավվե՞լ է ՀՀ քաղաքացու կյանքը հեղափոխությունից հետո, թե ոչ՝ նա ասաց. «Ի՞նչ կարող էիր գնել նախկինում 50 եվրոյով, իսկ հիմա կարող ես թռչել Հռոմ։ Քաղաքացին ինքը պետք է հոգա իր բարեկեցության մասին՝ աշխատանքի միջոցով, իսկ պետությունը պետք է դրան աջակցի, և մենք դա անում ենք:  Տուրիզմի աճից միլիոնավոր դոլարներ են եկել պետություն, հստակ թվեր չեմ կարող ասել, մենք հիմա այն վիճակում ենք, որ պլյուս-մինուս 100 միլիոնն էական նշանակություն չունի»։

Վարչապետն ասաց նաև, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման և ընդհանրապես՝ արտահանման աճ է գրանցվել, նաև 100 տոկոսով ավելացել է հիպոթեքային վարկավորման ծավալը։

«Ամբողջ աշխարհում սնդամթերքի գներն աճում են, մեզ մոտ՝ իջնում։ Զինվորների սոցիալական խնդիրների լուծման շրջանակն ընդլայնվել է: Նույնը վերաբերում է առողջապահությանը՝ պետպատվերով մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնվել է»,-ամփոփեց վարչապետը։

  • Կիսվել: