ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունենք․Ջանջուղազյան

Մենք 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունենք․Ջանջուղազյան

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսօր խորհրդարանում հարցրեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների. «Այդ ի՞նչ գումարի մասին է խոսքը»։

Ֆինանսների նախարարն ասաց՝  թեև վստահ չէ, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց ենթադրում է, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է:

«Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը՝ գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ՝ 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող են օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,- նշեց նա։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով,  կառավարությունը չի կարող օգտագործել համայնքին, ՏԻՄ-երին պատկանող դրամական միջոցները:

«Դրա մաս է նաև կայունացման դեպոզիտ հաշվի մնացորդը, որը ձևավորվել է անցյալ տարվա՝ քննադատության թիրախում գտնվող եվրոպարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնությունից գոյացած միջոցների հաշվին: Եվ մնացորդը նպատակաուղղված է ֆինանսավորելու համար այս տարվա սեպտեմբերին սպասվող մարումը՝ 2013 թվականին թողարկված եվրոպարտատոմսերի վերջին կտորի: Այս ցանկը կարելի է շարունակել: Իսկ այն, ինչ մնում է կառավարության տրամադրության տակ, որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր իր արտացոլումն է գտնում հաջորդ տարվա բյուջեի ֆինանսավորման աղբյուրներում»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նաև հայտարարեց, որ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ:

«2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է, որ պարտք կներգրավվեն, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն»,- ասաց ֆինանսների նախարարը։

  • Կիսվել: