երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Լոռու մարզում մեկնարկել են Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 7+183 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։
 
 
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2 կմ է, որից 7.183 կմ-ն ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքերն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ճանապարհները։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։
 
Շինարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։
 
 
Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Ճանապարհի նորոգումը կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի մեծացմանը։

  • Կիսվել: