շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ տարում 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ. Քաղաքաշինության կոմիտեն բարելավել է շինարարական նորմերը

Մեկ տարում 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ. Քաղաքաշինության կոմիտեն բարելավել է շինարարական նորմերը

2022թ. Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել են ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 19-ն արդեն հաստատվել և հրապարակվել են: Դրանցից 6-ն ընդունվել են միայն տարվա վերջին 2 ամիսներին: Մասնավորապես՝ առաջին անգամ մշակվել են շինարարական նորմեր, որոնցով միջազգային չափանիշներին համապատասխան կապահովվեն հանրապետությունում նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, նաև պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը:

«Սա շատ կարևոր, արդիական և մեր հանրապետության համար նոր ուղղություն է, ուստի փաստաթղթի համար հիմք են ծառայել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջոցով տեղայնացված եվրոպական ստանդարտները: ՄԱԶԾ մասնագետները նաև աջակցել են փաստաթղթի հեղինակներին նորմերի մշակման ընթացքում: Հաջորդ քայլը լինելու է էներգետիկ աուդիտի հետ կապված կարգավորումների ընդունումը»,-հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը:

Առաջին անգամ են մշակվել նաև անհատական բնակելի տների վերաբերյալ շինարարական նորմերը, որոնք, կոմիտեի ներկայացուցչի կարծիքով, կարևոր են գյուղական նաև քաղաքային խիտ և խառը կառուցապատման տարածքներում տարբերակված լուծումներ, սահմանափակումներ պահանջող և համայնքային բնույթ կրող քաղաքաշինական խնդիրների կարգավորման համար: «Այդպիսով կարգավորվում է հարևանների միջև հիմնական վեճը՝ կապված յուրաքանչյուրի տան հարակից հատվածների, տարածքի ձևավորման հետ և այլն»:

«Նախագծային աշխատանքների տևողության նորմերով» իրավական հիմք է ստեղծվում նախագծի կատարման ժամկետների վերաբերյալ պատվիրատուի և կատարողի միջև ծագած տարաձայնությունների հաղթահարման համար: Իսկ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը սահմանում են բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև արտադրական և գյուղատնտեսական կազմակերպություններին, պատմամշակութային կառույցներին մոտեցնող ճանապարհների նախագծման սկզբունքները: «Փաստաթուղթն էականորեն արդիականացվել է, հստակեցվել են սահմանափակումները: Օրինակ՝ սահմանվել է «կողային տեսանելիություն» հասկացությունը, որի գոտում՝ 15-18 մետր, կառուցապատում իրականացնելն ընդհանրապես արգելված է»,-նշում է Ռուզան Ադամյանը:

Միջազգային փորձին համահունչ արդիականացված հիդրոտեխնիկական կառուցվածքներին վերաբերող նորմատիվ փաստաթղթում առանձին հավելվածով սահմանվել են նաև պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման հստակ պահանջներ: Բացի այդ, կոմիտեի կայքում հրապարակվել է կանոնների հավաքածու, որով ապահովվում է շենքերում և շինություններում համապատասխան կոնստրուկցիաների կիրառելիությունն ու շինարարությունում նոր տեխնոլոգիաների, էներգաարդյունավետ պատող կոնստրուկցիաների ներդրումը: «Հավաքածուն մշակել ենք՝ հաշվի առնելով կառուցապատողների բազմաթիվ առաջարկները, որոնցով խնդրում էին կարգավորումներ սահմանել, որպեսզի կարողանան նոր տեխնոլոգիաներ կիրառել իրենց աշխատանքում»,-ընդգծում է Ռուզան Ադամյանը:

2022թ. ընթացքում հաստատված և հրապարակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև:

  • Կիսվել: