հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մածու՞ն, թե՞ «սարի յոգուրտ». Ինչու՞ է Վրաստանը արգելում իր տարածքով հայկական մածունի արտահանումը

Մածու՞ն, թե՞ «սարի յոգուրտ». Ինչու՞ է Վրաստանը արգելում իր տարածքով հայկական մածունի արտահանումը

Վերջին օրերին համացանցում լայն քննարկման առարկա է դարձել հայկական մածունի Վրաստանի տարածքով արտահանման արգելքի հարցը:

Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար InfoPort.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Դուստ Մարիաննա» ձեռնարկության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը, քանզի հենց այդ ընկերության մածունի նկարներն են շրջանառվում սոցցանցերի վրացական սեգմենտում, որպես Վրաստանի տարածքով արտահանման համար արգելված ապրանք: Փորձեցինք նաև իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  

«Դուստ Մարիաննա» ձեռնարկության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը մեզ փոխանցեց, որ խնդիրը առաջացել է այն բանից, որ Վրաստանը դեռևս 2012 թվականին «մացունի» անվանումը, ինչպես նաև մի շարք գինիների և պանրի տեսակների անվանումներ գրանցել է, որպես «աշխարհագրական նշում»:

«Ճիշտ է այդ ընթացքում ոչ մի խնդիր արտահանման հետ կապված չէր առաջանում, բայց չգիտես ինչու 2021 թվականի սեպտեմբերին Վրաստանի տարածում կանգնեցվեց մեր ընկերության արտադրանքով բեռնված մեքենան, որը ուղևորվում էր դեպի ՌԴ: Այդ ժամանակ էլ մեզ ասացին, որ հետայսու Վրաստանը իր տարածքով արգելելու է «մածուն» անվանմամբ ապրանքների արտահանումը: Մենք ստիպված էինք ստեղծված իրավիճակում արագ կողմնորոշվել. և որոշեցինք ՌԴ արտահանվող մեր մածունը ապրանքանշել, որպես «հայկական սարի յոգուրտ»»,- պատմեց Կարապետյանը:

Հարցին, արդյոք այդ անվանափոխությունից տուժեցին ձեռնարկության մածունի սպառման ծավալները ՌԴ-ում, Կարապետյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ ընկերությունը շատ արագ կողմնորոշվեց, օպերատիվ և արդյունավետ տեղեկատվական արշավ իրականացրեց ՌԴ-ում,  բացատրելով սպառողներին, որ դա նույն ապրանքն է այլ անվանմամբ:

«Այս առումով, պետք է ասեմ, որ սպառման ծավալների հետ կապված խնդիր չունեցանք, այդուհանդերձ, ապրանքատեսակի ճիշտ անվանման հետ` խնդիր կա, մածունը ամեն դեպքում մածուն է, ոչ թե յոգուրթ, կամ մեկ այլ բան: Ուստի մենք այս հարցով միանգամից դիմեցինք ՀՀ կառավարությանը` խնդրելով աջակցել խնդրի լուծման հարցում: Մեզ հավաստիացրել են, որ կառավարությունը այս հարցով զբաղվում է, բանակցում վրացական կողմի հետ: Հուսանք, խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- եզրափակեց Կարապետյանը:        

Իր հերթին, էկոնոմիկայի նախարարությունից InfoPort.am-ին փոխանցեցին, որ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։

«Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս»,- ասացին նախարարությունում։

Միևնույն ժամանակ հայտնեցին, որ դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացունի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել։

«Ներկայումս, Կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ»,- հավաստեցին նախարարությունում:

Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։

Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո։

«Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում»,- պարզաբանեցին նախարարությունում։

  • Կիսվել: