շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ պետերի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի․ Գարիկ Սարգսյան

Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ պետերի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի․ Գարիկ Սարգսյան

Ամենայն հավանականությամբ Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ (Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակ) պետերի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի  մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրում քաղաքացիների կողմից հայտնաբերել է չարաշահումներ` ծրագրում անհարկի ընդգրկվելու դեպքեր:

«Մեր մարզում ունենք 60 շահառու` 20-ական ամեն տարածաշրջանից: Մեկ շաբաթ առաջ սկսեցին մանրամասն ուսումնասիրել այդ շահառուների ցուցակը և պարզվեց, որ Մասիսում և Արարատում ունենք խնդիրներ: Ընդգրկված այնպիսի քաղաքացիներ ունենք, որոնք ունեն մեծ թվով անասնագլխաքանակ, այսինքն՝ իրենց կարելի է համարել մեծ ֆերմերներ, և իրենք դիմել են մեկ կենդանինով իրենց ֆերման հարստացնելու և ծրագրին մասնակցելու համար»,- ասաց նա և ընդգծեց, որ չի ցանկանում մինչ ծառայողական քննութան ավարտը անուններ հնչեցնել:

Գարիկ Սարգսյանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու, որ շահառուների այդ ցուցակները մաքուր, պատշաճ տեսքով ներկայացվի նախարարությանը։

  • Կիսվել: