ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Մարզերում բանկերը գյուղվարկեր չեն տրամադրում. իմքայլական պատգամավոր

Մարզերում բանկերը գյուղվարկեր չեն տրամադրում. իմքայլական պատգամավոր

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասպխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ մարզերում բանկերը կարծես սաբոտաժ են անում եւ չեն տալիս գյուղվարկեր։

Նա նշեց. «Մարդ կա, որ 60 գլուխ խոզ է պահում, այս պահին ստեղծվել է մի փուլ, որ խոզերի համար պետք է կեր գնի. վարկավորման համար դիմում են, սակայն բանկերը վարկեր չեն տալիս։ Այդ մարդը պետք է գտնի հնարավոր բոլոր լուծումները, որովհետեւ անասնապահությամբ են զբաղվում։ Ինչ-որ քայլ ձեռնարկվո՞ւմ է Կառավարության կողմից, որպեսզի կոմպրոմիսային տարբերակ գտնեն, թեկուզ մասնավոր բանկերի հետ»:

Պատգամավորին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ասաց, որ գյուղվարկերի տրամադրման մեջ կան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են աշխատանքներ.

Փոխվարչապետը, մասնավորապես, նշեց. «Մենք երկրորդ միջոցառման մեջ դրեցինք այն տրամաբանությունը, որ բոլոր գյուղվարկերն ունեն իրենց մեջ պրոբլեմներ, դրանցից է նաեւ գրավի պակաս լինելը, երկրորդը՝ վարկային պատմությունները ոլորտում այդքան էլ բարվոք վիճակում չեն եւ երրորդը՝ վարկավորումը պետք է իրականացվի հայկական դրամով, որովհետեւ արտարժույթային ռիսկը գյուղացիների համար անկառավարելի է, մենք ամեն ինչ պետք  է անենք, որպեսզի վարկավորումն իրականացվի դրամով։ Մենք 3-ն էլ փորձել ենք լուծել։

Միասնական լուծումն այդ 3 խնդիրների՝ կոոպերացիան է։ Եթե ուշադիր նայեք կանոններին, կոոպերատիվի պարագայում մենք անմիջապես բոլոր հարցերը լուծում ենք, որպես Կառավարություն ստանձնում ենք ռիսկը՝ մինչեւ 50 տոկոսով, տալիս ենք դրամ եւ 0 տոկոս տոկոսադրույք։ Ըստ էության տալիս ենք վարկի լավ պայմաններ, քան այդ պայմանները հնարավոր էր երբեւէ ստանալ ՀՀ-ում։ Եթե չգնաց կոոպերատիվների ձեւավորմամբ, որովհետեւ դրանց ձեւավորումը նշանակում է նաեւ նոր վարկային պատմություն, ինչը շատ լավ է, բայց եթե այդ պրոցեսը չգնաց, ապա ստիպված պետք է այդ գործիքի հետ կապված վերանայումներ անենք» ։

Գրիգորյանի խոսքով՝ դիտարկվել է փոքր չափերի վարկերի դինամիկան, որը պասիվ պրոցես չի, անգամ  ակտիվ է: «Այս շաբաթվա արդյունքներով, անցած տարվա ապրիլի նույն շաբաթվա տեմպին չի զիջում»,-ասաց նա:։

Հովսեփյանն էլ արձագանքեց, որ, օրինակ, Շիրակի մարզի հիմնական բանկերը, որոնք գյուղվարկեր են տրամադրում, այս ընթացքում յուրաքանչյուր դիմողին մերժում են: «Այդ մարդիկ ստիպված նորից պետք է դիմեն վարկային այն կազմակերպություններին, որոնք բավականին բարձր տոկոսադրույքով է վարկ տալիս։ Կամ կա առաջարկ, որ մեծ քաղաքներում ունենան անշարժ գույք՝ գրավադրման համար։ Եթե ուզում ենք խթանել գյուղատնտեսությանը, ապա գյուղացուն կրակի բերան չպետք է հանձնեք»,-նշեց պատգամավորը:

Ըստ Գրիգորյանի՝ խնդիրն այն է, որ այս պահին բանկերը սպասարկման որոշակի կանոններ են պահպանում: «Ձեր ասած խնդիրը գոյություն ունի, որովհետեւ բանկերն էլ կանխիկ ձեր նշած վարկերը որպես կանոն կանխիկ են տրամադրվում։ Կանխիկի սպասարկումը շատ դեպքերում այսօր բարդացել է բացարձակ ոչ ֆինանսական բացակայության պատճառով։ Բանկերն էլ սպասարկման որոշակի կանոններ են պահպանում, որը լավ է։ Տեսել եք կադրեր, որ բանկերում հերթեր են գոյանում, որն անթույլատրելի է։ Այդ դանդաղումն էլ վերագրվում է մերժումների, բայց այդպես չի, մենք մանրամասն նայել ենք»,-պարզաբանեց Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: