ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՀԿ-ն դեմ կքվեարկի, ԲՀԿ-ն՝ կողմ՝ ստորադասելով իր քաղաքական, կուսակցական շահը, հօգուտ ժողովրդի շահի

ԼՀԿ-ն դեմ կքվեարկի, ԲՀԿ-ն՝ կողմ՝ ստորադասելով իր քաղաքական, կուսակցական շահը, հօգուտ ժողովրդի շահի

«Պարոն Ջանուղազյան, չեմ կարողանում չհիանալ, թե ինչպես եք կարողանում պատգամավորների պարզաբանում անկնկալող հարցերին տալ պատասխաններ, որոնք իրականում սխալ չեն, բայց նաև ամբողջական չեն»,- «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, ֆինանսների նախարարի պատասխանները պատգամավորների մոտ թողնում է այնպիսի տպավորություն, որ այն, ինչ ուզում են լսել, լսում են. «Այս որակի փառահեղ պատասխաններ են»։

Այնուհետև Մանե Թանդիլյանը թվարկեց բոլոր այն դրույթները, որոնք մտահոգիչ են։

«Խախտումներ արել եք և անելու եք, և մենք այստեղ հնարավորություն չենք ունենալու բացահայտելու և դրանք թույլ չտալու։ Հետևաբար, պնդում եմ, որ անգամ արտակարգ դրության պայմաններում մենք չպետք է թույլ տանք Կառավարությանը անսահման հնարավարություններ, առանց ԱԺ-ի միջամտության»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն էլ ներկայացրեց Միքայել Մելքումյանը։

«Մենք կարծում ենք, որ այն ինչ որ հիմա արվում է, բավարար չէ։ Կարծում ենք, որ շատ առաջարկներ, որ ընդդիմության, տարբեր մասնագետների կողմից արվում են, հաշվի չեն առնում, բայց մեր քաղաքական ուժը պատրաստ է վեր կանգնել մի վիճակից, երբ Կսառավարությունը շատ այլընտրանքներ չունի, այսինքն՝ սա ճաշակի հարց չէ, որ Կառավարության ճաշակով պայմանավորված գնանք մի քանի ուղղություններով։ Այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» այս նախագծին քվեարկելու է կողմ՝ ստորադասելով իր քաղաքական, կուսակցական շահը, հօգուտ ժողովրդի շահի»,- ասաց Միքայել Մելքումյանը։

 

  • Կիսվել: