ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լիզինգատուն հնարավորություն կունենա արգելել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելը

Լիզինգատուն հնարավորություն կունենա արգելել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելը

 Արդարադատության նախարարությունը առաջարկում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից։

«Ներկայումս գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:
 
Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների: Տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել ենք «ԱԿԲԱ լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին պարզելու համար, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի պայմանագիր է կնքվել եւ արդյոք առկա է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել եւ կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը: Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից կնքվել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր: Ներկայումս 4 տրանսպորտային միջոցի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստը հաստատվել է, ինչպես նաեւ առկա է եւս 10 տրանսպորտային միջոց, որոնց գտնվելու վայրը անհայտ է»,- ասաց Մինասյանը։
 
Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում, որով լիզինգառուն հնարավորություն կստանա լիզինգի առարկա տրասնպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետությունը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ, որով նվազագույնի կհասցվի լիզինգի առարկա տրանսպորտային միջոցի հնարավոր կորուստի ռիսկը։

«Օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների ՀՀ-ի սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովի լիզինգի առարկայի վերադարձելիությունը»,- եզրափակեց Մինասյանը։

  • Կիսվել: